Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահ մարմինները հերթով կալանավորում են Դավիթ Ղազինյանի սանիկներին ու հարազատներին․ անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները մեկը մյուսի հետևից կալանավորման են տանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի հարազատներին։

Հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանքի են տարել Դավիթ Ղազինյանի սանիկին՝ Արման Սարգսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տնային կալանքի են տարել նաև սանիկի քրոջը՝ Լիլյա Սարգսյանին։

Նշենք, որ հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։ Դատախազությունը ներկայացրել էր երկու դիմում՝ հանձնաժողովին խնդրելով համաձայնություն տալ քրեական հետապնդում հարուցելուն և թեկնածուին ազատությունից զրկելուն։

Հունիսի 17-ին ԿԸՀ-ն երկու միջնորդություններն էլ բավարարել էր, և ժամեր անց Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էր։ Արդեն հաջորդ օրը՝ առավոտյան, որոշում էր կայացվել նրան երկու ամսով կալանավորելու մասին։

Հավելենք, որ հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն և ձայնագրություն էր տարածել, որտեղ նշվում էր Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,– նշվում էր հաղորդագրությունում։

Դավիթ Ղազինյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ՝ ով ում է տվել, ինչ է արել, չկա այդպիսի գումար։ Նախ, եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ի՞նչ է նշանակում՝ ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին, ասել եմ՝ սա ընտրակաշառքի գումար է։ Աբսուրդ է էլի»,– ասել էր նա։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս