Իրանը շնորհակալություն է հայտնում Պակիստանի իշխանություններին՝ Իսլամաբադի կողմից Թեհրանի և Վաշինգտոնի միջև հուշագրի կնքման համար ձեռնարկված միջնորդական ջանքերի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը շնորհակալ են Պակիստանի կառավարության և ժողովրդի ջանքերի, աջակցության և համերաշխության համար։ Այս կարևոր պահին, երբ տարածաշրջանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, Պակիստանի պատասխանատու և հեռատես դերը երկխոսությանը աջակցելու, լարվածությունը նվազեցնելու և տարածաշրջանային կայունությունը ամրապնդելու գործում ցույց է տվել տարածաշրջանային գործընթացների նկատմամբ նրա եղբայրական և հեռանկարային մոտեցումը», – ասել է Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ ուժերը միավորելով՝ իսլամական երկրները կարող են տարածաշրջանում ստեղծել անվտանգության նոր ճարտարապետություն։ «Այս համատեքստում կարևոր երկրներ, ինչպիսիք են Կատարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Թուրքիան, կարող են արդյունավետ դեր խաղալ այս տարածաշրջանային կառուցվածքի ձևավորման գործում», – հավելել է նա։
Փեզեշքիանը նաև նշել է Թեհրանի և Իսլամաբադի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը և ընդգծել, որ ստեղծված իրավիճակում հարաբերությունները կարող են նոր մակարդակի հասնել երկու երկրների ղեկավարների աջակցությամբ։




























