Armenian text to speach

Ի՞նչ է սպասվում կարկտահարությունից տուժածներին․ Փաշինյանը նոր խումբ է ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին ստորագրել է որոշում, որով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականին Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված կարկտահարությունների դեպքերն ուսումնասիրելու նպատակով։

Վարչապետի N 547-Ու որոշման համաձայն՝ աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի կարկտահարության դեպքերը, պարզի դրանց անոմալ (անկանոն) լինելու հիմնավորվածությունը, գնահատի բնական երևույթի հետևանքով քաղաքացիներին և տնտեսություններին հասցված վնասների քանակական ու ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև վերլուծի հակակարկտային կայանների կիրառման արդյունավետությունը։

Մասնավորապես, աշխատանքային խումբը պետք է գնահատի, թե կարկտահարության վայրերում կամ դրանց հարակից տարածքներում կարկուտ տեղալուց առաջ կամ դրա ընթացքում գործարկվել են արդյոք հակակարկտային կայաններ, և եթե այո, ապա ինչ ազդեցություն են ունեցել դրանք բնական երևույթի ընթացքի և հետևանքների վրա։

Որոշմամբ սահմանվել է նաև, որ աշխատանքային խմբի ղեկավարն իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում պետք է զեկուցի վարչապետին։

Նշենք, որ վերջին շաբաթներին Հայաստանի մի շարք մարզերում գրանցված ուժեղ կարկտահարությունները զգալի վնասներ են հասցրել գյուղատնտեսությանը, ինչի հետևանքով հանրային քննարկումների առարկա է դարձել հակակարկտային պաշտպանության համակարգերի արդյունավետության հարցը։ Ստեղծված աշխատանքային խումբը պետք է ներկայացնի ուսումնասիրությունների արդյունքներն ու գնահատականները, որոնք կարող են հիմք հանդիսանալ հետագա որոշումների ընդունման համար։

Անի Վարդանյան




Լրահոս