Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուզարկություն «Պեպսիի Կարենի» տանը. ո՞վ է Կարեն Սիմոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանում։

Մենք տեղեկացրել էինք, որ իրավապահները «Հայաստան» դաշինքի Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տունը մտել են մեկ ժամ առաջ։ Մեզ հետ զրույցում նրա ընկերները հայտնեցին, որ իրավապահները թույլ չեն տալիս, որ որևէ մեկը մտնի տուն։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում են կատարվում քննչական գործողություններ։

Գյումրիում Կարեն Սիմոնյանին քչերն են ճանաչում միայն որպես ավագանու անդամ։ Նա առավել հայտնի է «Պեպսիի Կարեն» մականունով՝ երկար տարիներ զբաղվելով խոշոր բիզնես գործունեությամբ և լինելով քաղաքի ամենահայտնի գործարարներից մեկը։

Վերջին տարիներին նա ակտիվորեն ներգրավվել է նաև քաղաքական կյանքում՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը Գյումրու ավագանու ընտրություններում և դառնալով ընդդիմադիր բևեռի ամենաակտիվ դեմքերից մեկը։

Սիմոնյանը բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ հայտարարելով, որ ընդդիմության նկատմամբ կիրառվում են վարչական ռեսուրսներ և ճնշումներ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ նա հրապարակային հայտարարում էր, որ եթե բացառվեն ընտրակեղծիքներն ու ընդդիմության նկատմամբ ճնշումները, իշխանությունը չի կարող հաղթել Գյումրիում։

Այս ֆոնին նրա բնակարանում իրականացվող խուզարկությունը քաղաքական շրջանակներում արդեն մեկնաբանվում է ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլև որպես ընդդիմադիր գործչի նկատմամբ հերթական ուժային գործողություն։

Առավել ևս, որ վերջին շաբաթներին իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են տարբեր ընդդիմադիր գործիչներ ու նրանց աջակիցներ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս