Այսօր երեկոյան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին ընտրությունների միջոցով պետք է որոշի, թե առաջադրված երեք թեկնածուներից ով է դառնալու կուսակցության կողմից Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն։
ՔՊ-ի 20 անդամից բաղկացած վարչությունը պետք է ընտրություն կատարի երեք տարբերակների միջև՝ քաղաքացու վրա թքելու ամոթալի պատմությամբ հայտնի Ալեն Սիմոնյանի, ԱԺ ամբիոնից իր հախուռն ու երբեմն աղմկոտ ելույթներով հայտնի Ռուբեն Ռուբինյանի և քաղաքական ճանապարհին արդեն երեք կուսակցություն փոխած, ինչպես նաև իր կնքահայր Էդմոն Մարուքյանին քաղաքական դրդապատճառներով դավաճանած Հայկ Կոնջորյանի միջև։
Թեև ArmLur.am-ը նախապես տեղեկացրել էր, որ քվեարկությունը լինելու է բաց, այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՔՊ վարչության անդամներին զգուշացվել է՝ գործընթացը կանցնի դռնփակ պայմաններում։ Քվեարկությանը նախորդելու է քննարկում, որի ընթացքում կուսակցականները պետք է ներկայացնեն թեկնածուների դրական և բացասական կողմերը, վերլուծեն նրանց քաղաքական կշիռն ու խոցելիությունները և, ի վերջո, ընտրեն իրենց պատկերացմամբ ամենաքիչ խոցելի թեկնածուին։
Բանն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում երեք թեկնածուներն էլ ակտիվ աշխատանք են տարել վարչության անդամների հետ՝ իրենց օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Լոբբիստական գործունեությամբ հատկապես աչքի է ընկել Ալեն Սիմոնյանը, որը, ըստ տեղեկությունների, վարչությունում արդեն ունի առնվազն չորս հստակ ձայն՝ ի դեմս Հասմիկ Հակոբյանի, Սուրեն Պապիկյանի, Արայիկ Հարությունյանի և, բնականաբար, սեփական ձայնի։
Այս ընթացքում Սիմոնյանը ոչ միայն անձամբ է բազմաթիվ զրույցներ ունեցել կուսակիցների հետ, այլև միջնորդների և բանագնացների միջոցով փորձել է համոզել թիմակիցներին, որ իր թեկնածությանը փաստացի այլընտրանք չկա։
Մյուս կողմից՝ Ռուբեն Ռուբինյանը վերջին օրերին գտնվում է Ստրասբուրգում, ինչի պատճառով լոբբիստական գործընթացներում համեմատաբար պասիվ է եղել։ Այնուամենայնիվ, ՔՊ-ի ներսից ArmLur.am-ին հայտնել են, որ Ռուբինյանի օգտին վստահաբար պատրաստվում են քվեարկել Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վիլեն Գաբրիելյանը և հենց ինքը՝ Ռուբինյանը․ էլի ստացվում է 4 ձայն։
Ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանին, ապա նա նույնիսկ վստահ չէ, թե իրենից բացի այլ ձայներ կունենա, թե ոչ, թեև Արմեն Խաչատրյանը, ըստ տեղեկությունների, խոստացել է հուսախաբ չանել։
Վարչության մյուս անդամները՝ Գևորգ Պապոյանը, Արսեն Թորոսյանը, Նազելի Բաղդասարյանը, Տիգրան Ավինյանը, Դավիթ Խուդաթյանը, Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը, Ռոմանոս Պետրոսյանը և Գնել Սանոսյանը, ըստ ՔՊ ներսում տարածված խոսակցությունների, ավելի շուտ նայելու են Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է քվեարկեն, կամ մինչև երեկո կստանան համապատասխան ազդակներ ու ուղերձներ այն մասին, թե փակ քվեարկության ընթացքում ինչ վարքագիծ պետք է դրսևորեն։
Կարճ ասած՝ ԱԺ նախագահի թեկնածուի հարցի վերջնական հանգուցալուծումը, ըստ ամենայնի, կախված է լինելու Նիկոլ Փաշինյանի լռելյայն կամ չբարձրաձայնված որոշումից։
Թեև արդեն տեղեկացրել էինք, որ Ալեն Սիմոնյանը բազմաթիվ թիմակիցների հետ զրույցներում վստահեցրել է, թե ունի Փաշինյանի «այո»-ն, և նույնիսկ իր թիմում տոնական տրամադրություններ են՝ սպասվող հաղթանակը նշելու համար, Ռուբեն Ռուբինյանն էլ, իր հերթին, չի պատրաստվում առանց պայքարի նահանջել։
Նա շարունակում է լրացնել բաց թողածը՝ թիմակիցներին բացատրելով, որ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես վերջնական որոշում կայացրած լիներ Ալեն Սիմոնյանի մասով, անձամբ իրեն կհուշեր չառաջադրվել։ Քանի դեռ նման խոսակցություն չի եղել իր և վարչապետի միջև, Ռուբինյանի համոզմամբ՝ որոշողը հենց ՔՊ վարչությունն է լինելու, որն էլ փակ քվեարկությամբ պետք է կատարի իր ընտրությունը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ականները հավանական են համարում, որ այսօր երեկոյան կայանալիք քննարկումից հետո, երբ լսեն թեկնածուներին, քննարկումն ավարտվի, միանգամից բանավոր կորոշեն, թե ում թեկնածության վրա են կանգ առնելու, և վարչության 20 անդամներով կքվեարկեն այդ թեկնածուի օգտին՝ որպես միասնական ՔՊ որոշում։ Բայց սա դեռ կարծիք է։
Ուստի իշխանական կուսակցության ներսում պայքարը շարունակում է մնալ բաց, թեկնածուները՝ ակտիվ, իսկ վերջնական արդյունքը՝ առայժմ անորոշ։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































