Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուշարձանները ոչնչացնելու գործով Յուրի Վարդանյանի քրոջ որդուն մեղադրանք են առաջադրել ու ազատ արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ որոշում է կայացվել Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձանների վանդալիզմի գործով ձերբակալված 41-ամյա տղամարդու վերաբերյալ։ Ի պատասխան՝ հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասով (պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

Հունիսի 11-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքի առթիվ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Մուշի ու Կումայրիի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն ու համակարգված միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին ստացվել են հավաստի տեղեկություններ, որ հունիսի 9-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։

Նույն օրը՝ ժամը 08:40-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է կատարածը։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ 41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Ըստ լրատվամիջոցի՝ կասկածյալը աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, երջանկահիշատակ Յուրի Վարդանյանի քրոջորդին է։

Նկատենք, որ 2026 թվականի մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր։ Յուրի Վարդանյանի քույրը, որի որդուն մեղադրանք է առաջադրվել հուշարձանների ոչնչացման գործով, անձամբ մոտեցել էր վարչապետին և շնորհակալություն հայտնել։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս