Ռուսական ուժերը հուլիսի 2-ի գիշերը լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 13 մարդ, ավելի քան 30-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ տուժածների թվում երեխաներ ևս կան։ Նրա գնահատմամբ՝ ռուսական բանակը միտումնավոր հարվածներ է հասցրել բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հարվածների հետևանքով քաղաքի տարբեր շրջաններում բռնկվել են հրդեհներ։ Վնասվել են բնակելի շենքեր, ավտոմեքենաներ, ենթակառուցվածքներ, ինչպես նաև շտապօգնության կայան, որի աշխատակիցներից առնվազն մեկը ծանր վիրավորում է ստացել։ Կրակը հասել է նաև քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկում գտնվող հյուրանոցին, որտեղ հրշեջները երկար ժամանակ պայքարել են հրդեհի դեմ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ մինչ այժմ փրկվել է 34 մարդ, սակայն որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները դեռ աշխատում են հարվածների հետևանքով վնասված բազմահարկ շենքերում և մայրաքաղաքի հարավ-արևելյան հատվածի բնակելի տներում։
Գիշերվա ընթացքում Կիևի երկնքում տեսանելի են եղել հակաօդային պաշտպանության համակարգերի կրակահերթերը, իսկ քաղաքի տարբեր հատվածներում լսվել են անօդաչու թռչող սարքերի, թևավոր և բալիստիկ հրթիռների պայթյունները։ Օդային տագնապի պատճառով հազարավոր բնակիչներ ապաստանել են մետրոյի ստորգետնյա կայարաններում։
Ուկրաինայի ԱՄՆ-ում դեսպան Օլհա Ստեֆանիշինան X սոցիալական հարթակում գրել է, որ մայրաքաղաքի բնակիչներն անցկացրել են հերթական սարսափելի գիշերը՝ ապաստարաններում։ Նրա խոսքով՝ մի շարք վարչական շրջաններում գրանցվել են հրդեհներ և քաղաքացիական ենթակառուցվածքների ու բնակելի շենքերի լայնածավալ ավերածություններ։
Սա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ վերջին ավելի քան երկու շաբաթվա ընթացքում իրականացված առաջին խոշոր հրթիռային և անօդաչու հարձակումն է։
Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ոչ միայն Կիևին, այլև Ուկրաինայի կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող ռազմական օբյեկտներին ու էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մոսկվան պնդում է, որ գործողությունները պատասխան են եղել վերջին շրջանում Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում՝ Մոսկվայից մինչև Սևծովյան շրջաններ, էներգետիկ օբյեկտների դեմ իրականացված հարձակումներին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ նախօրեին, Դուբլին կատարած այցը կիսատ թողնելով, հայտարարել էր, որ նոր հետախուզական տվյալներ են ստացվել, ըստ որոնց՝ Ռուսաստանը պատրաստվում է լայնածավալ հարձակման։ Նա քաղաքացիներին կոչ էր արել առավել զգոն լինել և պաշտպանել իրենց ու ընտանիքի անդամներին՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկար ժամանակ է նախապատրաստել այս զանգվածային հարվածը։
Ռազմաճակատում ռուսական զորքերը վերջին օրերին առաջխաղացում են գրանցել արևելյան ուղղությամբ՝ մտնելով Կոնստանտինովկա քաղաք, որը համարվում է Ուկրաինայի վերջին կարևոր հենակետերից մեկը Դոնբասում։ Եթե Ռուսաստանին հաջողվի լիովին վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ, դա կարող է ճանապարհ բացել դեպի ամբողջ Դոնբասի գրավումը։
Չնայած առանձին տեղային առաջխաղացումներին, ցամաքային մարտերը շարունակում են հիմնականում մնալ դիրքային բնույթ կրող։ Ներկայումս Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ մեկ հինգերորդ մասը, որի մեծ մասը գրավվել է 2022 թվականի փետրվարին սկսված լայնածավալ ներխուժման առաջին ամիսներին։
Անի Վարդանյան
























































































