Armenian text to speach

ՀՀ բնակավայրերի հիմնական մուտքերում կտեղադրվի Հայաստանի պետական դրոշը. օրենսդիրը միասնական ու հստակ կարգավորումներ է սահմանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Հայաստանում բացակայում է իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվեր Հայաստանի Հանրապետության պետական դրոշի տեղադրումը բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գոյություն չունի: Արդյունքում, բազմաթիվ բնակավայրերի մուտքերում պետական դրոշը բացակայում է կամ գտնվում է ոչ պատշաճ վիճակում, ինչը չի ապահովում պետական խորհրդանիշների լիարժեք եւ համաչափ ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Այս մասին հուլիսի 2-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ զեկուցելով իր եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համահեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի համահեղինակը նշել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետականության, ինքնիշխանության եւ ազգային արժանապատվության կարեւորագույն խորհրդանիշներից է, ու հավելել, որ նախագծով ամրագրվում է պարտադիր պայման՝ ՀՀ համայնքների յուրաքաչնյուր բնակավայրի վարչական տարածքի հիմնական մուտքերում պետք է տեղադրված լինի պետական դրոշ, որի առկայությունը կուժեղացնի ազգային ինքնագիտակցությունը, կստեղծի միասնական պետական միջավայր, կունենա կրթական եւ դաստիարակչական նշանակություն, կխթանի պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքը քաղաքացիների եւ այցելուների շրջանում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Գերատեսչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախագիծը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա, ուստի գործադիրը դրան տվել է դրական եզրակացություն:




Լրահոս