Armenian text to speach

ՖՈՏՈ․ Ովքե՞ր էին համացանցը պայթեցրած և Empire State Building-ի գագաթին՝ 443 մետր բարձրության վրա ամուսնության առաջարկություն արած ռուս սիրահարները. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկեկ համացանցը բառացիորեն պայթել է ռուս զույգի ծայրահեղ վտանգավոր և ռոմանտիկ հնարքի կադրերից: Ռուս հայտնի «ռուֆթոփերներ» (տանիքներ մագլցողներ) 32-ամյա Իվան Կուզնեցովը և 33-ամյա Անժելիկա Նիկոլաուն, ովքեր հանրությանը հայտնի են Netflix-ի 2024 թվականի «Skywalkers: A Love Story» հանրահայտ վավերագրական ֆիլմից, ձերբակալվել են Նյու Յորքում՝ աշխարհի ամենահայտնի երկնաքերերից մեկի՝ Empire State Building-ի գագաթը նվաճելուց հետո:

Հուլիսի 1-ին՝ կեսօրին, սև դիմակներով և Բեթմենի  հագուստով զույգը հայտնվել է երկնաքերի ալեհավաքի վրա՝ գետնից մոտ 443 մետր (1,454 ֆուտ) բարձրության վրա: Նրանք այնտեղ ցուցադրել են մի պաստառ, որի վրա գրված է եղել. «Երբ սիրո ուժը հաղթի իշխանության սիրուն, աշխարհը կճանաչի խաղաղություն»: Այնուհետև տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է տղան ծնկի գալիս, մատանի առաջարկում, ինչից հետո զույգը գրկախառնվում և համբուրվում է: Ավելի ուշ նրանք սոցցանցերի իրենց էջերում հրապարակել են լուսանկարներ, որտեղ երևում է Անժելիկայի ձեռքի ամուսնական մատանին:

Այս էքստրեմալ առաջարկությունը կաթվածահար է արել Նյու Յորքի փողոցները: Ոստիկանությունը ստիպված է եղել փակել հարակից շրջանները, իսկ հատուկ նշանակության ստորաբաժանումը (NYPD’s Emergency Service Unit) մոտեցել է climbers-ին: Տեսանյութում լսվում է, թե ինչպես է ոստիկանն ասում. «Դուք չեք կարող այստեղ լինել», ինչից հետո նրանց բերման են ենթարկել:

Իրավապահների նախնական տվյալներով՝ զույգին հաջողվել է շրջանցել անվտանգության համակարգը և 103-րդ հարկի տեխնիկական դռնից դուրս գալով՝ բարձրանալ սփյուռի (աշտարակի) վրա, ինչը խիստ վտանգավոր է եղել ոչ միայն բարձրության, այլև բարձր ռադիոհաճախականության (RF) ճառագայթման պատճառով:

Ռուսական զույգը, որն այժմ բնակվում է Նյու Ջերսիում, ձերբակալվել է և նրանց առաջադրվել են մի շարք լուրջ մեղադրանքներ, այդ թվում՝ անօրինական ներխուժում (burglary), անխոհեմ վտանգում, գույքին վնաս հասցնելու և հասարակական կարգի խախտման հոդվածներով:

Նշենք, որ սա Empire State Building-ի պատմության մեջ առաջին ապօրինի մագլցումը չէ: 1994-ին այն նվաճել է «ֆրանսիացի սարդ-մարդ» Ալեն Ռոբերը, իսկ 2023-ին հայտնի ռոք-երաժիշտ և դերասան Ջարեդ Լետոն դարձավ առաջին մարդը, ով շենքը մագլցեց օրինական ճանապարհով՝ իր խմբի համաշխարհային տուրի շրջանակներում: Իսկ անցյալ տարի նմանատիպ հնարքի համար ձերբակալվել էր լուսանկարիչ Իսահակ Ռայթը:

Անի Վարդանյան

 

 




Լրահոս