Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին դանակահարելու գործով կա կասկածյալ։
Նախնական վարկածով՝ միջադեպի պատճառը մեքենան ճանապարհ չզիջելու շուրջ ծագած վեճն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության։
«Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել կասկածյալ համարվող անձը, ով, ըստ նախնական տվյալների, դանակահարել է նշված անձանց։ Նա ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։ Ըստ էության, միջադեպի երկու կողմն էլ վիրավորներ են․ ինչպես դանակահարվածները, այնպես էլ ենթադրյալ դանակահարողը։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 4-ին, «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխել երեք քաղաքացու։
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։ Քրեական և համայնքային ոստիկանները շարունակում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները։
Քնար Մանուկյան
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ



























