Armenian text to speach

Փաշինյանը կառավարական պատվիրակությամբ մեկնում է Ռուսաստան. ովքեր են ուղեկցում վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Եկատերինբուրգ։ Այդ մասին ArmLur.am-ը տեղեկացավ վարչապետի ստորագրած N 602-Ա որոշումից, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմը և գործուղման կազմակերպման մանրամասները։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի՝ աշխատանքային այցի ընթացքում նրա պարտականությունների կատարումը դրվելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա։

Վարչապետի որոշմամբ՝ պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։

ArmLur.am-ի ուսումնասիրած որոշման համաձայն՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին կֆինանսավորվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, ինչպես նաև Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ռուզաննա Վարդանյանի, Արման Ղազարյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը։

Նույն որոշմամբ սահմանվել է, որ վերը նշված անձանց գիշերավարձի, պատվիրակության ներկայացուցչական ծախսերի և փոխադրամիջոցների վարձակալության հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին։

Առանձին կարգավորմամբ որոշվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գործուղման ծախսերը կհոգա Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գործուղման ծախսերը՝ Արտաքին գործերի նախարարությունը, իսկ Գագիկ Վանոյանի ծախսերը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը։

Որոշմամբ նախատեսվել է նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գործուղման ծախսերը կհոգա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գործուղման ծախսերը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գործուղման ծախսերը կկատարվեն ընկերության միջոցների հաշվին։

Բացի այդ, վարչապետի որոշմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է կազմակերպել հուլիսի 6-ին Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով չվերթը, իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել դրա կազմակերպմանը։ Չվերթի կազմակերպման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։

Անի Վարդանյան




Լրահոս