Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 6-ի գիշերը հերթական լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումն են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և հարակից շրջանների ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 11 մարդ, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի տեղեկություններով՝ միայն մայրաքաղաքում զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 46-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Կիևի հարակից շրջաններում ևս մեկ մարդ է զոհվել, իսկ 10-ը վիրավորվել են։
Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը գիշերվա ընթացքում արձակել է 68 հրթիռ և կիրառել 351 անօդաչու թռչող սարք։
«Kyiv Independent»-ի փոխանցմամբ՝ առաջին պայթյունները Կիևում լսվել են տեղական ժամանակով ժամը 01:40-ին, որից հետո նոր հարվածներ են գրանցվել ժամը 02:10-ին և 03:15-ին։ Օդային տագնապի ազդանշանների ֆոնին հազարավոր բնակիչներ ապաստանել են մետրոյի կայարաններում և այլ ստորգետնյա թաքստոցներում։
Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ Կիևում վնասվել է առնվազն 15 շենք, այդ թվում՝ չորս բնակելի շենք մայրաքաղաքի պատմական Պոդիլսկի շրջանում։ Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են, և զոհերի թիվը կարող է աճել։
Հարձակումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ընդամենը մեկ օր առաջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ նախօրեին զգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է նոր զանգվածային հարձակում իրականացնել մինչև Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի շրջանակում նախատեսվում է նաև նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Հետախուզությունը կրկին վկայում է, որ ռուսները պատրաստվում են նոր լայնածավալ հարվածի։ Սա Պուտինի սովորական գործելաոճն է՝ ԱՄՆ Անկախության օրվանից անմիջապես հետո և Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ», – հայտարարել էր Զելենսկին իր երեկոյան ուղերձում։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ևս Ռուսաստանը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում էր իրականացրել Կիևի վրա, որի հետևանքով զոհվել էր 31 մարդ։ Այդ հարվածներն այս տարվա ընթացքում մայրաքաղաքի համար ամենամահաբերն էին։
Միաժամանակ, ռուսական կողմից հաղորդվել է, որ Ուկրաինան հարված է հասցրել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի մերձակայքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ռուսաստանի կողմից նշանակված Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևի պնդմամբ՝ հարձակման հետևանքով քաղաքը ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրամատակարարման։
Անի Վարդանյան






















