Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը. նա պնդում է՝ «սարքած, փուչիկ գործ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

Դատարան տեղափոխվելիս լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը «սարքած, փուչիկ գործ» է։ Անդրադառնալով դատարանի բակում հավաքված իր աջակիցներին՝ նա ասել է. «Լավ է լինելու, չմտածեք»։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Քննչական գործողությունների ավարտից հետո նա ձերբակալվել է և տեղափոխվել քննչական մարմին։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ծառուկյանը ներգրավված է 2022–2024 թվականներին առանձնապես խոշոր չափերով խարդախության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթում, իսկ քննիչը դատարանին միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել է նաև, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Ըստ ՔԿ-ի՝ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս, իսկ առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել և հանձնել պատասխանատու պահպանության։

Միաժամանակ, Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքներն անհիմն են և դրանք գնահատել է որպես քաղաքական հետապնդում։ Նրա խոսքով՝ այն դեպքերում, որտեղ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, նրան դարձրել են մեղադրյալ։

Նախաքննությունը շարունակվում է։ Դատարանը պետք է որոշում կայացնի՝ բավարարե՞լ արդյոք կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Մինչ այդ գործում է անմեղության կանխավարկածը, և ներկայացված մեղադրանքները դեռևս ենթակա են դատական քննության։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս