Armenian text to speach

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դժգոհել է դաշնակիցներից․ «Շատ հիասթափված եմ ՆԱՏՕ-ից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրը կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ քննադատելով դաշինքի եվրոպացի անդամներին և հայտարարելով, որ «շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից»։

Թրամփը լրագրողների հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նշել է, որ եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում, հնարավոր է՝ ինքը նույնիսկ չմասնակցեր դրան։

«Եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում, որտեղ իմ ընկերը՝ շատ ուժեղ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, հնարավոր է՝ ես ընդհանրապես չգայի»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև դժգոհել է, որ Եվրոպայի մի շարք երկրներ բավարար աջակցություն չեն ցուցաբերել ԱՄՆ-ին Իրանի շուրջ վերջին հակամարտության ընթացքում։

«Մենք հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում, բայց նրանք մեր կողքին չեն կանգնում։ Մենք միշտ եղել ենք նրանց կողքին, իսկ նրանք՝ ոչ։ Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան մեզ մերժեցին»,- հայտարարել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները։ Նա հայտարարել է, որ մտադիր է վերացնել Թուրքիայի նկատմամբ գործող պատժամիջոցները և շուտով որոշում կկայացնի Անկարային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ։

ՆԱՏՕ-ի այս տարվա գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը պաշտպանական ծախսերի ավելացումն է։ Թրամփի շարունակական ճնշման ներքո դաշինքի անդամ երկրները պարտավորվել են պաշտպանության հիմնական ոլորտում ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3,5 տոկոսի, ինչպես նաև լրացուցիչ 1,5 տոկոս հատկացնել կիբեռանվտանգությանը և պաշտպանությանը վերաբերող այլ ծրագրերին։

Սակայն ՆԱՏՕ-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2026 թվականին դաշինքի 32 անդամներից միայն հինգն են ակնկալվում, որ կհասնեն պաշտպանության հիմնական ծախսերի՝ ՀՆԱ-ի 3,5 տոկոսի նպատակային ցուցանիշին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ անդամ երկրներից ակնկալում է «հստակ, կոնկրետ և վստահելի ծրագրեր» պաշտպանական ծախսերի ավելացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը շարունակում են անվտանգության լուրջ մարտահրավերներ ներկայացնել, իսկ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը շուրջօրյա աշխատում է Ուկրաինայի դեմ պատերազմի կարիքները բավարարելու համար։

ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը շարունակվում է Անկարայում, իսկ առաջնորդների հիմնական լիագումար նիստը նախատեսված է հուլիսի 8-ին։

Անի Վարդանյան




Լրահոս