2025 թվականին Աբովյանում սպանված 24-ամյա Սարևգիս Զեյնալյանի հարազատների դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։
Հայտնել էինք, որ 2025 թվականին Աբովյանում 24-ամյա երիտասարդ էր սպանվել։ Արդյունքում դատարանում վերջինիս հարազատները սպանության գործով կալանավորվածների հետ վիճել էին, և կարգադրիչները վնասվածքներ էին ստացել, ինչի հետևանքով հարուցվել էր քրեական գործ։
Եվ ահա այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 1-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում, դատական նիստի ընդմիջման ժամանակ, տուժողի ներկայացուցիչները և մեղադրյալները դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, քաշքշել և հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վնասել են դատարանի գույքը՝ խաթարելով դատական նիստի բնականոն ընթացքը։
Նշված միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել դատական նիստի ընթացքում ծառայություն իրականացնող կարգադրիչը։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























