ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված ցուցադրական խուզարկությունից և այնտեղ պահվող կենդանիների մի մասի առգրավումից հետո նոր հարցեր են առաջացել արդեն ոչ թե տեղափոխված, այլ տարածքում մնացած կենդանիների ճակատագրի վերաբերյալ։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հրապարակային մտահոգություն է հայտնել, որ առանձնատան տարածքում շարունակում են մնալ բազմաթիվ կենդանիներ, մինչդեռ աշխատակիցները, ըստ նրա, զրկված են նրանց խնամելու հնարավորությունից։ Տոնոյանի խոսքով՝ խուզարկությունից հետո տարածքը կապարակնքվել է, իսկ կենդանիների խնամքն ապահովելու նպատակով արված առաջարկները չեն ընդունվել։
«Աշխատակիցները խնդրել են, որ գոնե մասնագետների ներկայությամբ հնարավորություն տրվի մտնել տարածք և կերակրել կենդանիներին, քանի որ այնտեղ կան ձկներ, կարապներ, ձիեր և այլ կենդանիներ։ Սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել, և տարածքը շարունակել է մնալ կապարակնքված։ Արդյունքում մինչ այժմ անհայտ է այնտեղ մնացած կենդանիների ճակատագիրը»,– News.am-ին ասել է Իվետա Տոնոյանը։
ԲՀԿ խոսնակի այս հայտարարությունից հետո ArmLur.am-ը դիմել է ՀՀ Քննչական կոմիտեին՝ պարզելու, թե ինչու են քննիչները արգելում կենդանիների խնամքն ու կերակրումը։
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, սակայն, հերքեց այդ պնդումները։
«Անասնապահին թույլատրվել և թույլատրվում է մտնել և կերակրել կենդանիներին, տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,– նշել է Ավդալյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի գործողությունների ընթացքում Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել էին երեք առյուծ և մեկ վագր, որոնք տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը անկել է։
Եթե Քննչական կոմիտեի փոխանցմամբ կենդանիներին իսկապես կերակրում և ջուր է տալիս անասնապահը, ապա հանրային շահի տեսանկյունից շարունակում են բաց մնալ մի շարք հարցեր։
Մասնավորապես՝ քանի՞ կենդանի է շարունակում մնալ տարածքում, ի՞նչ առողջական վիճակում են նրանք, արդյոք ենթարկվո՞ւմ են անասնաբուժական մշտադիտարկման, և ի՞նչ պայմաններում են պահվում կապարակնքված տարածքում և այլն։
Այս հարցերը հատկապես արդիական են դարձել այն բանից հետո, երբ արդեն մեկ կենդանու անկումը հանրային լայն արձագանք է ստացել։






















































































