ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՆՎԵՐ` 3 ՇԻՇ ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում որոշվել է ՀՀ 116 հազար սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել նախատոնական օգնություն. յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի 3 շիշ արեւածաղկի բուսական յուղ: Այն, ըստ վարչապետի, «նախատոնական օգնություն է»:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, ՀՀ կառավարության որոշումը` աղքատներին 3 շիշ արեւածաղկի բուսական յուղ տրամադրելու մասին, ինչքանո՞վ կօգնի այդ ընտանիքներին:  

ՊԱՏԱՍԽԱՆ. Էստեղ ավելի շատ բարոյականության խնդիր է: Կարծում եմ` դա ոչ թե օգնություն է, այլ ողորմություն, եւ անապահով ընտանիքներին 3 շիշ ձեթ տրամադրելն ավելի շատ վիրավորելու է այդ ընտանիքների ինքնասիրությունը, քան որեւէ էական օգուտ է տալու:

ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆ
ՀԱԿ ներկայացուցիչ

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե չի օգնի: Ինչի կառավարությունը չգիտի՞, որ դա չի օգնելու: Դա ուղղակի «փիար» ակցիա է: Եթե նրանք կարծում են, որ աղքատության հիմնական խնդիրն այդ 3 շիշ ձեթն է, ուրեմն մեզ մոտ ընդհանրապես աղքատության խնդիր չկա: Ծիծաղելի որոշում է դա, ինչ-որ 3 շիշ ձեթի մասին քննարկում անենք:

ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀԱԿ ներկայացուցիչ

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե հասկանալի է, որ դա որեւէ էական հարց չի լուծելու, բայց մենք պիտի հասկանանք, որ մեր երկրում այսօր սոցիալական ծանր աղքատության մեջ գտնվող բազմաթիվ ընտանիքներ կան, եւ ցանկացած օգնություն այդ մարդկանց համար, կարծում եմ, կարեւոր է: Ես հասկանում եմ, որ իմ պատասխանը, բնականաբար, չի բավարարելու այդ մարդկանց, որոնք սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, որոնք մի քանի տուփ ձեթով լուծելի չեն, դրանք համակարգային լուծում են պահանջում, եւ մենք պիտի համակարգային մոտեցում ցուցաբերենք: Թերեւս կարելի է սա որպես տոնական նվեր, բայց ոչ հարցի լուծում կամ հարցի լուծման փորձ դիտարկել:

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Կօգնի այնքանով, որ այդ 3 շիշ ձեթը մարդիկ չեն գնի կամ եթե 3 շիշ պիտի գնեին, բայց մեկ շշի հնարավորություն ունեին, էդ դեպքում չեն գնի, եւ այդ գումարն այլ նպատակների համար կծառայեցնեն: Ես կարծում եմ` հաշվի առնելով իրենց ընտանիքների սոցիալական վիճակը` դա բավականին լուրջ օգնություն է, եւ եթե հնարավորություն լիներ 3 շիշ ձեթին ավելացնել սպառողական զամբյուղի այլ ապրանքատեսակներ եւս կամ գումարային որոշակի հատկացումներ լինեին, դա միայն կողջունվեր յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու կողմից:

ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս