ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 9-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև համակարգումը տարբեր ուղղություններով։ Այդ մասին հաղորդել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Հաղորդագրության համաձայն՝ Թրամփը Նեթանյահուին տեղեկացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերի մասին։
Իր հերթին Նեթանյահուն բարձրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա շրջապատի ներկայացուցիչների՝ Իսրայելի գոյության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների հարցը՝ դրանք գնահատելով, որպես լրջագույն հայտարարություններ ։ Նա նաև ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների պահպանման անհրաժեշտությունը։
CNN-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Թուրքիայի նախագահը բազմիցս մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի իրականացումը խաթարելու մեջ։
Բացի այդ, այս շաբաթ Իսրայելն անհանգստություն էր հայտնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր վաճառքի կապակցությամբ։ Նման հնարավորության մասին Դոնալդ Թրամփը խոսել էր Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։
CNN-ին տված բացառիկ հարցազրույցում Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Էրդողանը «ԱՄՆ-ի օրինակելի դաշնակից չէ»՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահը «սպառնում է ոչնչացնել իմ երկիրը՝ միակ հրեական պետությունը»։
Անի Վարդանյան

























