Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում կայացած մեդիաֆորումի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ։ Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։
Նրա խոսքով՝ հանձին Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ «Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսները փնտրել ամբողջ աշխարհում»։
Անդրադառնալով 907-րդ ուղղմանը՝ Ալիևը հայտարարել է, որ այն հնացած է և պետք է չեղարկվի։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով կասեցրել է դրա գործողությունը, սակայն քաղաքական իմաստով այն դեռևս պահպանվում է։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ որքան շուտ ԱՄՆ Կոնգրեսը լիովին չեղարկի ուղղումը, այնքան ավելի օգտակար կլինի բոլոր կողմերի համար։ Նա հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի։ Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք ուղղումը փաստացիորեն ոչ մի դեր չի խաղում։



























