Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում․ ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական կուլիսներում քննարկվում է, թե ով պետք է փոխարինի Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին դիտարկվող միակ թեկնածուն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն է, որի թեկնածությունն իշխանությունները մտադիր են առաջադրել։

Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ Կոստանյանի թեկնածությունը նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նախընտրությունն է, քանի որ նա համարվում է նախարարի ամենավստահելի գործընկերներից մեկը։

Միաժամանակ, մեր տեղեկություններով, թեկնածությունը պետք է ընդունելի լինի նաև թուրքական կողմի համար, ուստի հարցը դեռևս ենթակա է քննարկման նաև նրանց հետ։

ArmLur.am-ը փորձեց ճշտել տեղեկությունները նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանից։ Վերջինս, ի պատասխան մեր հարցի, ասաց․ «Նման քննարկում չի եղել»։

Հարցին, թե առաջարկի դեպքում կընդունի՞ արդյոք հայ-թուրքական հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը, Կոստանյանը պատասխանեց․ «Ես արտաքին գործերի նախարարի տեղակալ եմ և կատարում եմ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հանձնարարականները»։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակից, սակայն նա տեղեկացրեց, որ գտնվում է արձակուրդում, իսկ նախարարության լրատվության վարչությունում մեր զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը դարձել է ԱԺ նախագահի թեկնածու, այդ պատճառով չի շարունակելու բանագնացի իր գործունեությունը։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս