Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշումը դեռ չէր հասցրել «սառել», երբ արդեն շրջանառվում է նոր նշանակման մասին տեղեկությունը։ ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Գաբրիելյանը պատրաստվում է վերադառնալ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ այս անգամ կրկին նախարարի տեղակալի պաշտոնում։
Այսինքն, հերթական անգամ կտեսնենք իշխանության ներսում արդեն ծանոթ դարձած «կադրային պտույտը», երբ պաշտոնանկությունն իրականում չի նշանակում համակարգից հեռացում, այլ ընդամենը նոր աշխատասենյակ։
Հիշեցնենք, որ Գաբրիելյանը 2019-2022 թվականներին արդեն զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, այնուհետև նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, իսկ ավելի ուշ տեղափոխվել Երևանի քաղաքապետարան՝ գլխավորելու Շենգավիթ վարչական շրջանը։ Այժմ, ըստ շրջանառվող տեղեկությունների, նա կրկին վերադառնում է նույն նախարարություն, որտեղից ժամանակին հեռացվել էր վարչապետի որոշմամբ։
Սա անխուսափելի հարցեր է առաջացնում։ Եթե պաշտոնյան բավարար արդյունավետ էր, ինչո՞ւ էր նախկինում ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Իսկ եթե այժմ կրկին արժանանում է նույն պաշտոնին, ապա ի՞նչն է փոխվել՝ նրա աշխատանքային արդյունքնե՞րը, քաղաքական հաշվարկնե՞րը, թե՞ պարզապես իշխանության ներսում կադրային հավասարակշռությունը։
Հատկանշական է նաև, որ Շենգավիթի ղեկավարի պաշտոնում Գաբրիելյանի պաշտոնավարումը երկար չտևեց, իր դիմումի համաձայն է պաշտոնից ազատվել։ Պարզվում է՝ պաշտոնանկությունը ոչ թե պատասխանատվության հետևանք էր, այլ հերթական վերադասավորում։
Այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխանական համակարգում պաշտոնների փոփոխությունը միշտ չէ, որ պայմանավորված է աշխատանքի գնահատականով։ Ավելի հաճախ այն հիշեցնում է ներքին կադրային ռոտացիա, որտեղ նույն պաշտոնյաները պարբերաբար տեղափոխվում են մի գերատեսչությունից մյուսը՝ պահպանելով իրենց տեղը պետական համակարգում։
Սոնա Գրիգորյան




























