ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՕՐԵՆՔԸ ՆՄԱՆ Է ՓՈՒՉԻԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին: Նրանք կոչ են անում ավելի խորը ուսումնասիրել այն թիրախային խմբերի խնդիրները, որոնց վերաբերում է այս օրենքը: Հակառակ դեպքում այն մեծ չարիք կդառնա ՀՀ-ում ապրող ընտանիքների համար:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում կգործի կենսաթոշակային նոր բազմաստիճան համակարգ: Ըստ այդ համակարգի` եթե աշխատավարձը չի գերազանցում 500 հազար ՀՀ դրամը, ապա աշխատողն ամեն ամիս կուտակում է աշխատավարձի 5 տոկոսի չափով, նույնքան գումար էլ ապագա թոշակառուի հաշվին հատկացնում է պետությունը: Իսկ եթե աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ապա աշխատողն ու պետությունը միասին թոշակային հաշվին փոխանցում են 10-ական տոկոս:
Երեկվա բողոքի ակցիային ակտիվիստները եկել էին փուչիկներով, որոնց վրա գրված էր՝ «10 տոկոս»: Նրանք այս կերպ կառավարության անդամներին փորձեցին ցույց տալ, որ ընդունված օրենքը փուչիկի նման է, իսկ խոստումները, թե 63 տարեկանից հետո ապահով ծերություն ենք ունենալու, օդ են:
Ակցիայի մասնակիցները, տեսնելով, որ կառավարության անդամներից եւ ոչ մեկն իրենց չի մոտենում, սկսեցին բարձրաձայն վանկարկել «պա-տաս-խան»՝ պահանջելով, որ կառավարությունից որեւէ մեկն իջնի եւ իրենց հարցերին պատասխան տա: Մինչդեռ կառավարության բողոքների եւ նամակների քննարկման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ողջ ակցիայի ընթացքում, շենքի մուտքի մոտ կանգնած, լուռ հետեւում էր, սակայն այդպես էլ չհամարձակվեց մոտենալ: Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ Ղազարյանը մոտենա իրենց եւ ամբողջությամբ ներկայացնի օրենքը: Նա էլ իր հերթին խնդրեց, որ ակտիվիստներն իրենց պահանջները ներկայացնեն գրավոր դիմումով, բայց երբ ցուցարարները պահանջեցին տեղում բանավոր պատասխանել իրենց հարցերին, նա ոչինչ չասաց, շրջվեց ու հեռացավ: Իսկ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ Ղազարյանը «վախկոտ» է:
Ակտիվիստ Մանե Թանդիլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «5 տոկոսի չափով կուտակում երբեք չի լինելու, կլինի ավելին, նույնիսկ 10 տոկոսից էլ անցնելու է: Եթե համարենք, որ 45 հազար դրամ մաքուր աշխատավարձ ստացողի համար կեղտոտ աշխատավարձը կազմում է մոտ 60 հազար դրամ, ապա շատ տարրական հաշվարկի դեպքում կտեսնենք, որ 60 հազարի 10 տոկոսը կազմում է 6 հազար դրամ, որի մի մասը՝ 3000-ը, վճարում է պետությունը, իսկ մյուս 3000-ը՝ քաղաքացին: Իսկ եթե 3000 դրամը հարաբերենք 45 հազարին, ապա կտեսնենք, որ այն կկազմի 6.61 տոկոս»:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին տրամադրել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:
Հարկ ենք համարում հավելել, որ ակցիայի մասնակիցների գերակշիռ մասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներ են, որոնք շարունակելու են իրենց պայքարը: Ի դեպ, սա այն ոլորտն է, որի մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի առիթով հայտարարեց. «Մեր առջեւ այժմ խնդիր է դրված ուշադրության կենտրոնում պահել կրթական համակարգը եւ բարձրակարգ մասնագետներ մատակարարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա նվաճումները համադրելի են աշխարհի լավագույն չափանիշներին. մենք թեւակոխում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր փուլ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս