ArmLur.am-ը գրում է․ Քիչ առաջ առանց քննարկման և առանց հարց ու պատասխանի ՀՀ կառավարությունը միաձայն հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (TRIPP) շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը սկսելու մասին որոշումը։ Փաստաթուղթը սահմանված կարգով կուղարկվի Սահմանադրական դատարան։
Կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ եթե ՍԴ-ն արձանագրի միջազգային պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ապա գործընթացը կտեղափոխվի Ազգային ժողով։
Նախարարի խոսքով՝ համաձայնագրով Հայաստանը և ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները և տարածաշրջանային առևտրային կապերը՝ նպաստելով խաղաղության ամրապնդմանը։
Միրզոյանը հատուկ անդրադարձել է TRIPP զարգացման ընկերության կառուցվածքին՝ նշելով, որ ընկերությունը կստանա տվյալ գոտիներում հողօգտագործման և կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով։
Նրա ներկայացմամբ՝ ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ․
- ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը,
- Հայաստանին՝ 26 տոկոսը։
Միաժամանակ նշվել է, որ 49 տարվա նախնական ժամկետի ավարտից հետո կողմերի համաձայնությամբ հնարավոր կլինի երկարաձգել պայմանագիրը ևս 50 տարով։ Այդ դեպքում նախատեսվում է, որ Հայաստանի բաժնեմասը ընկերությունում կավելանա մինչև 49 տոկոս։
ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ TRIPP-ի ստեղծման գործընթացն ամբողջությամբ ավարտելու համար դեռևս անհրաժեշտ է ընդունել ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը։
Անի Վարդանյան




























