Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ սպանության փորձի և խուլիգանության հոդվածներով:
Այս պահի դրությամբ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ։ Ավտոմեքենաներից մեկի վրա կրակոցի հետք է եղել, մեկ այլ ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի վրա նույնպես՝ արնանման հետքեր։ Բացի այդ, դեպքի վայրում գլխարկներ, հողաթափեր են գտել, վրան՝ արնանման հետքեր։
Ինչն է եղել Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակում կրակոցների պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մեքենաներ են բակի հատվածում վթարի ենթարկվել եւ վթարի ենթարկված մեքենաների վարորդները դուրս են եկել ու սկսել են միմյանց մեղադրանքներ հնչեցնել, ճիշտ ու սխալի հարց բարձրացնել, հնչել են հայհոյանքներ, որից հետո բանը հասել է փայտով, քարով միմյանց հարվածելու ու կրակոցներ արձակելուն:



























