Armenian text to speach

Չինաստանը հասանելիություն է ունեցել միլիոնավոր ամերիկացի ընտրողների տվյալներին․ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին հեռուստատեսային հատուկ ելույթում հայտարարել է, որ երկրի ընտրական համակարգը տարիներ շարունակ եղել է «խոցելի», իսկ ամերիկացիներից թաքցվել են դրա վերաբերյալ կարևոր տեղեկություններ։ Սակայն ընտրական հարցերով փորձագետներն ու Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ նախագահը չի ներկայացրել որևէ համոզիչ ապացույց, որը կհաստատի իր պնդումները։

Թրամփը հայտարարել է, թե Չինաստանը 2020 թվականի ընտրական շրջանից սկսած ապօրինի ճանապարհով ձեռք է բերել շուրջ 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալներ, այդ թվում՝ անուններ, հասցեներ և կուսակցական նախասիրություններ։ Նրա խոսքով՝ տվյալները վերաբերում են 18 նահանգների տասնյակ միլիոնավոր ընտրողների։

Չինաստանի դեսպանության ներկայացուցիչը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ Պեկինը «երբեք չի միջամտել և չի միջամտի ԱՄՆ նախագահական ընտրություններին»։

Միաժամանակ, փորձագետները հիշեցրել են, որ ԱՄՆ-ում ընտրողների գրանցման տվյալների զգալի մասը հրապարակային է, իսկ որոշ նահանգներ դրանք նույնիսկ վաճառքի են հանում։ Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթերում նույնպես նշվում է, որ Չինաստանի կողմից օգտագործված տվյալների մի մասը հանրությանը հասանելի տեղեկատվություն է եղել։

Ելույթի ընթացքում Թրամփը կրկին խոսել է այսպես կոչված «խորը պետության» (deep state) մասին՝ պնդելով, թե նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Ջո Բայդենի վարչակազմերում աշխատող պաշտոնյաները փորձել են թաքցնել Չինաստանի հնարավոր ազդեցությունը 2020 թվականի ընտրությունների վրա։

Նա հայտարարել է, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է պաշտոնանկ անել այն անձանց, որոնք, իր խոսքով, ներգրավված են եղել «կոծկման» մեջ, և անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

Թրամփը նաև պնդել է, որ ամերիկացիներին տարիներ շարունակ մոլորեցրել են ընտրական ենթակառուցվածքների անվտանգության հարցում՝ նշելով, որ քվեարկության մեքենաներն ու ձայների հաշվարկման համակարգերը «խոցելի են»։

Սակայն ընտրական անվտանգության մասնագետները նշել են, որ ԱՄՆ ընտրական համակարգի հնարավոր տեխնիկական ռիսկերը վաղուց հայտնի են, իսկ ընտրությունների ապակենտրոնացված կազմակերպումը՝ նահանգային և տեղական մակարդակներում, լայնածավալ կեղծիքների իրականացումը դարձնում է չափազանց դժվար։

Դեմոկրատները քննադատել են նախագահի ելույթը՝ այն գնահատելով որպես ընտրողների վստահությունը թուլացնելու փորձ՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։

Ելույթի ավարտին ԱՄՆ նախագահը կրկին կոչ է արել ընդունել SAVE America Act օրինագիծը, որը նախատեսում է խստացնել ընտրողների ինքնության և քաղաքացիության հաստատման պահանջները։ Իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, զգուշացնում են, որ այդ փոփոխությունները կարող են դժվարացնել որոշ ամերիկացիների մասնակցությունը ընտրություններին։

Անի Վարդանյան




Լրահոս