Armenian text to speach

Սոչի-Երևան չվերթը հետաձգվել է․ օդանավակայանում 52 թռիչք ժամանակին չի իրականացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիի միջազգային օդանավակայանում հետաձգվել է ընդհանուր առմամբ 52 չվերթ, այդ թվում՝ Երևան մեկնող ինքնաթիռի թռիչքը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ օդանավակայանի առցանց տեղեկատվական վահանակի տվյալներով՝ 22 մեկնող և 30 ժամանող չվերթներ ուշացել են։

Մեկնող հետաձգված չվերթների թվում են նաև դեպի Երևան, ինչպես նաև Չեբոքսարի, Սալեխարդ, Կիրով, Նովի Ուրենգոյ, Եկատերինբուրգ, Անթալիա, Չելյաբինսկ, Արխանգելսկ, Սամարա, Տոմսկ, Իվանովո և Դուբայ ուղղություններով թռիչքները։ Ուշացումները տատանվում են մեկ ժամից մինչև հինգ ժամ։

Օդանավակայանում ուշանում են նաև 30 ժամանող չվերթներ, այդ թվում՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Եկատերինբուրգից, Սամարայից, Նովոսիբիրսկից, Դուբայից, Թբիլիսիից և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներից։ Ժամանող չվերթների ուշացումները հասնում են մինչև ինը ժամի։

Սոչիի օդանավակայանը հայտնել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում նախատեսում է սպասարկել 230 չվերթ և շուրջ 33,5 հազար ուղևոր, իսկ այս պահին ուղևորների կուտակումներ չկան։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) վերջին մեկ օրում մի քանի անգամ ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Սոչիի օդանավակայանում օդանավերի ընդունման և բացթողնման համար։ Վերջին սահմանափակումները գործել են Մոսկվայի ժամանակով 06:27-ից մինչև 07:50-ը, ինչից հետո օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը։

Անի Վարդանյան




Լրահոս