Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ–Իրան հակամարտությունը սրվում է. ի՞նչ է տեղի ունեցել վերջին երկու օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու օրերին ԱՄՆ–Իրան հակամարտությունն ավելի է սրվել։ Այն առավել վտանգավոր փուլ է մտել՝ մեծացնելով տարածաշրջանային պատերազմի ընդլայնման և համաշխարհային էներգետիկ շուկաների վրա նոր ճնշումների ռիսկը։

ԱՄՆ-ն շարունակել է ավիահարվածները Իրանի ռազմական ենթակառուցվածքների դեմ՝ թիրախավորելով հրթիռային պահեստներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ ռազմական օբյեկտներ։

Իրանը հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին Հորդանանում, Քուվեյթում և Սիրիայում։ Ամերիկյան կողմը, իր հերթին, հայտնել է զինծառայողների կորուստների մասին։

Լարված իրավիճակը պահպանվում է նաև Հորմուզի նեղուցում։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ պայթյունների հետևանքով վնասվել է երկու նավթատար, իսկ Թեհրանը կրկին նախազգուշացրել է, որ մինչև ԱՄՆ-ի գործողությունների դադարեցումը նավարկությունն անվտանգ չի լինելու։

Ռազմական գործողությունների ֆոնին աճել են նաև նավթի համաշխարհային գները։ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը գերազանցել է 90 դոլարը՝ պայմանավորված Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների հնարավոր խափանման մտավախություններով։

Միաժամանակ դիվանագիտական ճակատում առաջընթաց չի արձանագրվել։ Վաշինգտոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների միայն Իրանի դիրքորոշման փոփոխության դեպքում, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ շարունակելու է դիմադրությունը։ Մի շարք արաբական երկրներ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը սրվեց 2026 թվականի փետրվարի վերջին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ հասցրին Իրանի ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտներին՝ հայտարարելով, որ նպատակ ունեն կանխել Իրանի ռազմական և միջուկային ծրագրերի հետագա զարգացումը։

Որոշ ժամանակ անց Իրանին հաջողեց ԱՄՆ-ին պարտավորեցնել կատարել իր 10 պահանջը, այդ թվում՝ ամն զորքերի դուրս բերումը։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս