Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանին առաջադրված հարկերի մասին մեղադրանքը դատախազը դադարեցրել է․ փաստաբանները մանրամասնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, թե որ գործով՝ փաստաբանական խումբը չգիտի։

«Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա։ Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ դա է այստեղ քննվում»,– քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է։

Նշենք, որ Քննչական կոմիտեի բակում հավաքվել են նաև մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։

Լրագրողի հարցին՝ օրերս հրապարակված փաստաթղթերը հետազոտվե՞լ են իրավապահների կողմից, Սարգսյանը պատասխանեց․

«Մենք բազմաթիվ փաստաթղթեր իրենց ներկայացրել ենք, լրացուցիչ փաստաթղթեր ևս պատրաստվում ենք ներկայացնել, բայց եթե իրենք օբյեկտիվ քննություն են ուզում իրականացնել, հենց անմիջապես պետք է դրանք բոլորն իրենց մոտ զննեին և դիտարկեին որպես ապացույցներ: Մենք տեսնում ենք, որ դժվար թե այդքան ակտիվ աշխատեն այդ ուղղությամբ, որովհետև նույնիսկ մեր ներկայացրած փաստաթղթերն իրենք փորձում են չտեսնելու տալ: Այն ակնհայտ փաստերը, որտեղ երևում է, որ Գագիկ Ծառուկյանը և հայկական կողմն են տուժող հանդիսանում, իրենք այդ ամենը հերքում են»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին երկու ամսով կալանավորեց՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը:

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս