Արամ Վարդևանյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ այսօր՝ ժամը 17:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված դատախազության միջնորդությունը վերաբերում է Նարեկ Կարապետյանին։
Վարդևանյանի խոսքով՝ միջնորդությունը ներկայացվել է նույն տրամաբանությամբ, ինչ նախկինում ներկայացված և հետ վերադարձված միջնորդությունը։
Նա հիշեցրել է, որ նախորդ անգամ հրատապ նիստում որոշվել էր, որ տվյալ հարցն այլևս ԿԸՀ իրավասության տիրույթում չէ։
Փաստաբանը նշել է, որ ժամը 15:00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ և, հետևաբար, պատգամավորական անձեռնմխելիություն, մինչդեռ նույն օրը՝ ժամը 17:00-ին, ԿԸՀ-ն պատրաստվում է քննարկել նրա վերաբերյալ դատախազության միջնորդությունը։
«Սա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է, Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելու և խոչընդոտելու փորձ։ Սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է», — ասել է Վարդևանյանը։
Նա նաև նշել է, որ տեղեկություն չունի, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է ներկայացվել միջնորդությունը։ Փաստաբանի խոսքով՝ իրենք պատրաստվում էին ժամանակ խնդրել՝ ծանոթանալու ներկայացված նյութերին, սակայն Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն այս հարցում տարբերվում է իր՝ որպես փաստաբանի մոտեցումից։
Մանրամասները՝ տեսանյութում․




























