Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Կողբ գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ատոմ Ս․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահասներ մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վիկտոր Իսրայելյանը և Դավիթ Սիմոնյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Դավթյանի և քննիչ Հրաչ Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։




























