Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այս պահին հետաքրքրված չէ Իրանի հետ բանակցություններով. պատերազմի ծախսերը աճում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների 11-րդ անընդմեջ գիշերն է անցկացրել, մինչդեռ Թեհրանը շարունակում է գործողությունները Պարսից ծոցի երկրների ուղղությամբ։ Միաժամանակ Պակիստանը ակտիվացրել է դիվանագիտական ջանքերը՝ փորձելով վերականգնել երկու կողմերի միջև փլուզված ժամանակավոր համաձայնագիրը։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ խորապես մտահոգված է հակամարտության սրմամբ և կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը այս պահին «հետաքրքրված չէ» Իրանի հետ բանակցություններով։

«Նրանք շատ են ցանկանում հանդիպել։ Բայց քանի դեռ պատրաստ չեն լուրջ բանակցությունների, մենք շահագրգռված չենք հանդիպել»,– ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ ավարտել են Իրանի դեմ հարվածների 11-րդ գիշերը՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներ։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ հարվածների ընթացքում թիրախավորվել են Իրանի ռազմական կառավարման կենտրոնները, ծովային հնարավորությունները, անօդաչու սարքերի պահեստները և ռազմական ենթակառուցվածքները։

CENTCOM-ը նաև հայտնել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում Իրանը հարձակվել է ավելի քան 30 առևտրային նավերի վրա, որոնք անցել են Հորմուզի նեղուցով։ Երեքշաբթի հարձակման է ենթարկվել ևս մեկ նավթատար, որի համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Իրանը շարունակում է հարվածները ԱՄՆ դաշնակիցների ուղղությամբ՝ թիրախավորելով Բահրեյնը, Հորդանանը և Քուվեյթը։ Հակամարտության առանցքային կետերից մեկը դարձել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, որով մինչև պատերազմի մեկնարկը անցնում էր համաշխարհային նավթի և գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։ Brent տեսակի նավթի գինը հասել է 92 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ին արժեցել է 37.5 մլրդ դոլար

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Սենատում հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը Միացյալ Նահանգներին արդեն արժեցել է 37.5 մլրդ դոլար։ Նախկին գնահատականը մայիսին կազմում էր մոտ 29 մլրդ դոլար։

Հեգսեթը պաշտպանել է Թրամփի վարչակազմի՝ պատերազմի ծախսերը հոգալու համար լրացուցիչ 67 մլրդ դոլարի ֆինանսավորում պահանջելու որոշումը՝ այն անվանելով «շտապ անհրաժեշտ»։

Մի շարք հանրապետական օրենսդիրներ մտահոգություն են հայտնել, որ Իրանի շուրջ երկարատև պատերազմը կարող է քաղաքական խնդիրներ ստեղծել Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության համար՝ միջանկյալ ընտրություններից առաջ։

Անի Վարդանյան



Լրահոս