Armenian text to speach

Սաուդյան Արաբիան կարող է ստանալ ուրանի հարստացման հնարավորություն․ Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիր, որը կարող է թագավորությանը հնարավորություն տալ ուրանի հարստացման կարողություններ ձեռք բերել քաղաքացիական միջուկային ծրագրի շրջանակում։

Սպասվում է, որ համաձայնագիրը պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։ Այն նախատեսված է 30 տարվա համար և ենթադրում է ամերիկյան ընկերությունների մասնակցությունը Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի զարգացմանը։

Համաձայնագիրը կարող է նախատեսել նաև Սաուդյան Արաբիայում ուրանի հարստացման գործարանի կառուցում, սակայն այն դեռ պետք է ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը։ Որոշ օրենսդիրներ մտահոգություն են հայտնում, որ նման քայլը կարող է մեծացնել միջուկային զենքի տարածման վտանգը։

Փորձագետները զգուշացնում են, որ ուրանի հարստացման սեփական հնարավորությունը կարող է հետագայում նպաստել միջուկային ռազմական ծրագրի ստեղծմանը։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը նախկինում հայտարարել էր, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, Ռիադը ևս կարող է նման քայլ դիտարկել։

Համաձայնագրի հնարավոր հայտարարությունը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին, որոնց նպատակներից մեկը Թեհրանի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է։

Սաուդյան Արաբիան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ է, սակայն, ըստ աղբյուրների, նոր համաձայնագիրը չի ներառի լրացուցիչ վերահսկողության մեխանիզմներ նախատեսող ՄԱԳԱՏԷ-ի լրացուցիչ արձանագրությունը։

Անի Վարդանյան




Լրահոս