Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դատապարտել է Եմենի հութիների վերջին սպառնալիքները Սաուդյան Արաբիային ծովային շրջափակման ենթարկելու վերաբերյալ՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջանային կայունությանը սպառնացող և իրավիճակի վտանգավոր սրացման հանգեցնող քայլեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կայա Կալասը հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ Կարմիր ծովում նավթատար լցանավի վրա հարձակումն անընդունելի և անօրինական է ու ավելի է սրում առանց այդ էլ լարված իրավիճակը տարածաշրջանում։
Նա ընդգծել է, որ ազատ նավարկությունը պետք է ապահովված լինի ինչպես Հորմուզի նեղուցում, այնպես էլ Կարմիր ծովում, և որևէ խոչընդոտ չպետք է ստեղծվի միջազգային ծովային հաղորդակցության համար։
Կալասը հութիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք վտանգում են միջազգային նավագնացությունը, ինչպես նաև պահպանել միջազգային իրավունքի պահանջները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2216, 2722 և 2826 բանաձևերը, որոնք վերաբերում են Եմենին և ազատ նավարկությանը։
Հայտարարության համաձայն՝ Եվրամիության ASPIDES ռազմածովային առաքելությունը շարունակում է իր գործունեությունը՝ պաշտպանելու ազատ նավարկությունը Կարմիր ծովում և հարակից միջազգային ջրերում՝ իր պաշտպանական մանդատի և հաստատված գործողությունների ծրագրի շրջանակում։
Օրերս Եմենի հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և հուլիսի 22-ին Կարմիր ծովում հարվածել էին Սաուդյան Արաբիայի երկու նավթատար լցանավի: Էր Ռիադը հաստատել էր մեկ լցանավի խոցումը: Նավում հրդեհ էր բռնկվել, տուժածներ չկային:




























