ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն 13 օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X հարթակում հայտարարել է, որ թիրախավորել է Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, անօդաչուների պահեստները, հաղորդակցության ցանցերը, ափամերձ հսկողության վայրերը և ռազմածովային հնարավորությունները։
Ըստ CENTCOM-ի՝ Հորմուզի նեղուցը բաց է՝ չնայած Իրանի կողմից վերջին հարձակումներին։
Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Ահվազ քաղաքում ամերիկյան հարվածներից առնվազն 4 մարդ է զոհվել, 5 մարդ՝ վիրավորվել։ Պայթյուններ են լսվել Ղեշմ կղզում, Անդիմեշկում, Օմիդիյեում և Ֆիրուզաբադում։
Իրանն իր հերթին հայտնել է, որ հարվածել է Հորդանանի ալ-Ազրաք ռազմաբազային և Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազային։ Ըստ Բահրեյնի ներքին գործերի նախարարության՝ երկրում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
Իրանի հետ օրեր շարունակ հարվածների փոխանակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «նրանց դեռ հարկավոր են ավելի շատ» նման հարվածներ։ Նա նշել է, որ առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ։
«Մենք շատ լավ ենք գործում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, մենք չափազանց լավ ենք գործում։ Նրանք կցանկանային ինչ-որ բան անել, բայց կարծում եմ՝ դեռ պատրաստ չեն։ Նրանց հարկավոր են ավելի շատ նույն (խմբ.՝ հարվածներից)», – Շրջակա միջավայրի պահպանության գերատեսչությունում ելույթից Թրամփի խոսքերն է մեջբերում CNN-ը։
Զուգահեռ Եմենի հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և Կարմիր ծովում հուլիսի 22-ին թիրախավորել են սաուդական երկու լցանավ։ Մերձավոր Արևելքում երկրորդ նեղուցի՝ Բաբ էլ Մանդեբի արգելափակման մտավախությունների ֆոնին հուլիսի 23-ին նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 100 ԱՄՆ դոլարը։




























