Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Եվրամիությունը անմիջական աջակցություն է ցուցաբերել Միացյալ Նահանգներին և Իսրայելին՝ իրանցի քաղաքացիական անձանց դեմ ուղղված հարձակումներում։
Բաղային նշել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը երեսպաշտ է, երբ խոսում է Իրանում մարդու իրավունքների ենթադրյալ խնդիրների մասին՝ անտեսելով Իրանի քաղաքացիների դեմ ուղղված թիրախային հարձակումները։
«Ինչպե՞ս կարող է մարդու իրավունքների նկատմամբ այդպիսի անսասան նվիրվածությունը այդքան հեշտությամբ համատեղվել Իրանի ժողովրդի դեմ մահացու հարձակումների համար լոգիստիկ և տեխնիկական աջակցության տրամադրման հետ, որոնք միտումնավոր կերպով իրականացվում են քաղաքացիական անձանց և ազգային ենթակառուցվածքների դեմ»,-գրել է Բաղային իր սոցիալական ցանցի էջում։
Նա ընդգծել է, որ Կալլասը երբեք ափսոսանք չի հայտնել իրանցի երեխաների մահվան համար այն հարձակումներում, որոնց, նրա պնդմամբ, ԵՄ-ն աջակցում է։




























