Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը կստեղծեն համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ էներգետիկայի ոլորտում՝ կենտրոնանալով գազի առևտրի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Համաձայնագրի մասին հայտարարվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադի միջև Թեհրանում կայացած հանդիպումից հետո։
«Գովաբանելով Հայաստանին դժվարին ժամանակահատվածներում Իրանի կողքին լինելու համար՝ Պակնեջադը վերահաստատեց Թեհրանի պատրաստակամությունը ամրապնդել համագործակցությունը իր հյուսիսարևմտյան հարևանի հետ՝ իր տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակներում»,-նշում է իրանական լրատվամիջոցը։
Իրանի նավթի նախարարի խոսքով՝ երկու կողմերը քննարկել են էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանի կառուցումը և նավթամթերքի մատակարարումը Հայաստան։
Պակնեջադը նաև հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը համաձայնել են ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ և առաջարկել են հնարավորինս շուտ սկսել աշխատանքները, որպեսզի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլում կարողանան գնահատվել կոնկրետ արդյունքները։
Իրանի նավթի նախարարը հիշեցրել է, որ երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում գործող գործընկերությունը հիմնված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագրի վրա։
Հիշեցնենք՝ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Թեհրանում է:
























































































