Armenian text to speach

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հրդեհի տարածքը մեծացել է մինչև 42,000 հեկտար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հարավարևմտյան Ժիրոնդ դեպարտամենտում բռնկված երկրի պատմության ամենախոշոր բնական հրդեհի տարածքը մեկ գիշերվա ընթացքում աճել է շուրջ 10 հազար հեկտարով՝ հասնելով 42 հազար հեկտարի։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը։

Նրա խոսքով՝ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ անբարենպաստ։ Գիշերվա սկզբին հրդեհը կրկին դարձել է չափազանց ագրեսիվ և անկանխատեսելի՝ ստեղծելով սեփական քամիները և անկանոն առաջ շարժվելով դեպի Բորդոյի ագլոմերացիա։

Հրդեհի արագ տարածման պատճառով իշխանությունները գիշերը տարհանել են ավելի քան 50 հազար մարդու Բորդոյի մերձակա հինգ համայնքներից։ Բորդոյի քաղաքապետ Թոմա Կազենավը հայտնել է, որ կրակի ճակատը քաղաքից ընդամենը 15 կիլոմետր հեռավորության վրա է։ Ժիրոնդում տարհանվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 220 հազարի։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 2,5 հազար հրշեջ-փրկարար, այդ թվում՝ Շվեյցարիայից ժամանած մասնագետներ, նրանց աջակցում են 1,5 հազար ֆրանսիացի զինծառայող և 1,2 հազար ոստիկան։ Առավոտյան կրկին գործի են դրվել 18 հրշեջ ինքնաթիռ, ինչպես նաև նախատեսվում է կրկին օգտագործել փորձարարական հրդեհաշիջման համակարգով հագեցած Airbus A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռը։

Նյունյեսը տեղեկացրել է նաև, որ անտառային հրդեհներ են շարունակվում երկրի այլ շրջաններում։ Մասնավորապես, Վար դեպարտամենտում, որտեղ արդեն այրվել է 4,5 հազար հեկտար, ծովից եկող նոր քամիները կարող են ավելի վատթարացնել իրավիճակը։ Այնտեղ աշխատում են 1,1 հազար հրշեջ, իսկ վտանգավոր գոտուց տարհանվել է մոտ 3 հազար մարդ։ Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում նաև Կորսիկայում և Վերին Ալպերում։




Լրահոս