Armenian text to speach

Ֆրանսիան այրվում է, Փաշինյանը՝ Վարդավառ տոնում. իսկ ռազմավարական գործընկերությո՞ւնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում իրական աղետ է․ անտառային հրդեհների պատճառով տարհանվել են 200 հազարից ավել մարդիկ, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են հազարավոր հրշեջներ, զինվորականներ, իսկ Ֆրանսիան ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը՝ միջազգային օգնություն ստանալու համար։ (AP News⁠)

ArmLur.am-ը նկատում է, որ այս ֆոնին Հայաստանի իշխանությունների պահպանած լռությունը առնվազն տարօրինակ է։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան վերջին տարիներին Հայաստանի կողքին կանգնած և Երևանին քաղաքական աջակցություն ցուցաբերած առանցքային երկրներից է։ Ընդամենը մայիսին Երևանն ու Փարիզը բարձրացրին հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի։ Իսկ Էմանուել Մակրոնը ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանին շնորհավորել և աջակցություն է հայտնել՝ վերահաստատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Հունիսի 8-ի շնորհավորանքը հրապարակված է նաև ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ (Prime Minister⁠): Դրանից հետո ևս երկու անգամ շնորհավոել է:

Եվ մինչ ռազմավարական գործընկեր Ֆրանսիան կրակի դեմ է պայքարում ու օգնություն ստանում այլ պետություններից, Հայաստանից առայժմ հրապարակային օգնության առաջարկ կամ համերաշխության տեսանելի քայլ չկա։

Խոսքը մեծ ռեսուրսների մասին չէ։ Հայաստանը կարող էր թեկուզ խորհրդանշական օգնություն առաջարկել՝ փրկարարների խումբ, մասնագիտական աջակցություն կամ պարզապես պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում կանգնելու Ֆրանսիայի կողքին։

Հատկապես, երբ ընդամենը օրեր առաջ Փաշինյանն ինքն էր Մակրոնին գրում, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հասել են «աննախադեպ մակարդակի»։

Իսկ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը. նա Հայաստանում Վարդավառ է տոնում, իսկ ռազմավարական գործընկերոջ աղետի պահին Երևանից օգնության ձեռք առայժմ չի երևում։

Ստացվում է՝ ռազմավարական գործընկերությունը գործում է միայն այն ժամանակ, երբ օգնության կարիք ունի՞ Հայաստանը։

Ֆրանսիան Հայաստանի դժվար պահերին բազմիցս եղել է մեր կողքին։ Հիմա նույնիսկ խորհրդանշական ժեստը կարող էր ցույց տալ, որ այդ հարաբերությունը միակողմանի չէ։




Լրահոս