ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի՝ հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկը, որը ցույց է տալիս հայրենի բիզնեսի իրական պատկերն ու վերջին ամիսներին արձանագրված ուշագրավ տեղաշարժերը։ ArmLur.am-ը համեմատելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալների հետ՝ ակնհայտ է դառնում, որ խոշոր հարկատուների ցանկում լուրջ վերադասավորումներ են տեղի ունեցել։ Առաջին վեց ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ավելի քան 1 տրիլիոն 109.9 միլիարդ դրամ, ինչը զգալիորեն գերազանցում է առաջին եռամսյակի 459.2 միլիարդ դրամի ցուցանիշը։
ArmLur.am-ը պարզեց, որ ամենամեծ փոփոխություններից մեկը վերաբերում է ցանկի առաջատարին։ Տարեսկզբին անսպասելիորեն երրորդ հորիզոնական իջած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» վերականգնել է իր առաջատարի տիտղոսը՝ վճարելով 41.61 միլիարդ դրամ և բարձրանալով առաջին տեղ։ Դրա հետևանքով առաջին եռամսյակում առաջին հորիզոնականը զբաղեցրած տեխնիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը զիջել է դիրքը և 38.16 միլիարդ դրամով հանգրվանել երկրորդ տեղում։ Տասնյակի ամենաթռիչքային աճը գրանցել է «Արդշինբանկը», որը 17-րդ հորիզոնականից միանգամից բարձրացել է 3-րդ տեղ՝ վճարելով 33.60 միլիարդ դրամ։ Դիրքերը զիջել է էներգետիկ հսկա «Գազպրոմ Արմենիան»՝ 2-րդ տեղից իջնելով 4-րդ հորիզոնական (31.50 միլիարդ դրամ), ինչպես նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակոն», որը 4-րդ տեղից նահանջել է 5-րդ հորիզոնական (28.95 միլիարդ դրամ)։ Ֆինանսական համակարգի մյուս հսկան՝ «Ամերիաբանկը», 13-րդ տեղից բարձրացել է 6-րդ հորիզոնական (22.15 միլիարդ դրամ)։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ «Դիջիթեյնը» պահպանել է 7-րդ տեղը (17.91 միլիարդ դրամ), իսկ նույն ոլորտի «Սոֆթ Կոնստրակտը» 5-րդ տեղից իջել է 8-րդ հորիզոնական (17.49 միլիարդ դրամ)։ Հանքարդյունաբերական «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» կտրուկ առաջընթաց է արձանագրել՝ 33-րդ տեղից բարձրանալով 9-րդ հորիզոնական (15.71 միլիարդ դրամ), իսկ տասնյակը եզրափակում է «ԻՄՎԲԱՄ»-ը (Wildberries), որը 6-րդ տեղից նահանջել է 10-րդ հորիզոնական (13.92 միլիարդ դրամ)։
Հանրությանը քաջ հայտնի մյուս ընկերությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնտեսության տարբեր ճյուղերում նույնպես դիրքերի ակտիվ տեղաշարժեր են եղել։ Բանկային համակարգում, բացի առաջատար եռյակ անցած «Արդշինբանկից» և «Ամերիաբանկից», առաջընթաց է գրանցել «Ինեկոբանկը»՝ 32-րդ տեղից բարձրանալով 21-րդ հորիզոնական (8.03 միլիարդ դրամ)։ «Կոնվերս Բանկը» 51-րդ տեղից հասել է 30-րդ հորիզոնական (5.55 միլիարդ դրամ), «ՎՏԲ-Հայաստան Բանկը» 69-րդ տեղից բարձրացել է 37-րդ հորիզոնական (4.65 միլիարդ դրամ), իսկ «Արարատբանկը» 65-րդ տեղից առաջացել է մինչև 51-րդ հորիզոնական (3.74 միլիարդ դրամ)։ Փոխարենը որոշակի դիրքեր է զիջել «Էվոկաբանկը»՝ 25-րդ տեղից իջնելով 31-րդ հորիզոնական (5.48 միլիարդ դրամ)։
Հեռահաղորդակցության և կապի ոլորտի առաջատար օպերատորները ևս վերադասավորվել են. «Վիվա Արմենիան» 16-րդ տեղից թեթևակի նահանջել է 19-րդ հորիզոնական (10.41 միլիարդ դրամ), «Յուքոմ» ընկերությունը 22-րդ տեղից իջել է 27-րդ հորիզոնական (5.81 միլիարդ դրամ), իսկ «Տելեկոմ Արմենիա» (Թիմ) ընկերությունը 31-րդ տեղից տեղափոխվել է 35-րդ հորիզոնական (4.81 միլիարդ դրամ)։
Ավիացիայի, վառելիքի և ենթակառուցվածքների ոլորտում առանձնանում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը (Զվարթնոց օդանավակայան), որը 38-րդ տեղից կտրուկ բարձրացել է 16-րդ հորիզոնական (10.86 միլիարդ դրամ)։ Ավիափոխադրող «Ֆլայուան Արմենիան» 60-րդ տեղից հասել է 46-րդ հորիզոնական (3.99 միլիարդ դրամ)։ Վառելիքի շուկայում «Մաքս Օիլ» ընկերությունը 19-րդ տեղից իջել է 24-րդ հորիզոնական (6.78 միլիարդ դրամ), իսկ «Ֆլեշ» ընկերությունը զգալիորեն նահանջել է՝ 26-րդ տեղից հայտնվելով 42-րդ հորիզոնականում (4.29 միլիարդ դրամ)։ Ջրամատակարարման ոլորտի «Վեոլիա Ջուր» ընկերությունը պահպանել է կայունությունը՝ զբաղեցնելով 39-րդ տեղը (4.43 միլիարդ դրամ)։
Առևտրի և զովացուցիչ ըմպելիքների ու քաղցրավենիքի արտադրության ոլորտում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը 34-րդ տեղից բարձրացել է 26-րդ հորիզոնական (6.03 միլիարդ դրամ), «Գրանդ Քենդին» զբաղեցրել է 48-րդ տեղը (3.95 միլիարդ դրամ), իսկ սուպերմարկետների ցանցերից «ՍԱՍ-Գրուպը» հայտնվել է 69-րդ տեղում (2.63 միլիարդ դրամ) և «Նոր Զովքը»՝ 78-րդ տեղում (2.44 միլիարդ դրամ)։
Սոնա Գրիգորյան






















