ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նախագիծ, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 23 մլն 937 հազար 400 դրամ՝ «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման համար։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ միջոցառումը կանցկացվի ՀՀ վարչապետի հովանու ներքո՝ 2026 թվականի օգոստոսին։ Նախատեսվում է կազմակերպել երկօրյա սիրողական հեծանվային արշավ, որին կմասնակցեն շուրջ 170 մարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից։ Մասնակցության իրավունք կունենան 18 և բարձր տարիքի անձինք։
Ինչպես տեղեկացավ ArmLur.am-ը, հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականին անցկացված «TOUR DE SEVAN 2024» հեծանվարշավը դրական արձագանք է ստացել հեծանվորդների շրջանում, ինչի արդյունքում որոշում է կայացվել շարունակել նախաձեռնությունը։
Ըստ հիմնավորման՝ միջոցառման նպատակն է խթանել հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, ներկայացնել հեծանիվը որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց, զարգացնել սպորտային տուրիզմը, ինչպես նաև Սևանա լիճը ներկայացնել որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման գրավիչ վայր։
Նախագծով առաջարկվում է անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովել «Մասսայական սպորտ» ծրագրի շրջանակում՝ կառավարության պահուստային ֆոնդից կատարվող վերաբաշխման միջոցով։
Սոնա Գրիգորյան




























