«Եթե ես մասնակցեմ ընտրություններին և ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, ես մանդատից կհրաժարվեմ»։ Այս հայտարարությունը 2026 թվականի փետրվարի 3-ին արել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանությունը կրկին ձևավորում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքական դաշտում սկսեցին սպասել՝ արդյոք ընդդիմադիր պատգամավորը կհետևի սեփական խոսքին։
Սակայն հուլիսի 17-ին Վարդանյանը հրապարակավ փակեց թեման՝ գրելով. «Խաղաղվեք. հարցը փակված է… Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ։ Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ»։
Այս հայտարարությունը նորից ուշադրության կենտրոն բերեց ոչ միայն նրա քաղաքական հետևողականության հարցը, այլև ֆինանսական պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթն ու ArmLur.am-ը ուսումնասիրել են պատգամավորի վերջին տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածք, եկամուտներ և դրամական միջոցներ ունի այն քաղաքական գործիչը, որը հրաժարվեց ոչ թե մանդատից, այլ սեփական հրապարակային խոստումից։
ՀՅԴ-ից մինչև «Հայաստան» դաշինք
Աղվան Վարդանյանի քաղաքական կենսագրությունը երկար է և բազմաշերտ։ Նա եղել է Հայաստանի գրողների միության քարտուղար, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, ղեկավարել է տեղեկատվական-վերլուծական կենտրոն, շուրջ երեք տասնամյակ եղել է ՀՅԴ անդամ, զբաղեցրել կուսակցության բարձր պաշտոններ և ընտրվել մի քանի գումարումների պատգամավոր։
2003-2008 թվականներին նա եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ապա՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ։ 2021 թվականից Ազգային ժողովում է արդեն «Հայաստան» դաշինքի ցուցակով։
Սոցապ նախարարի համեստ հայտարարագրերը
Վարդանյանի վաղ հայտարարագրերը համեմատաբար համեստ էին.
• 2012 — 2 մլն դրամ և 5000 դոլար,
• 2013 — 1 մլն դրամ և 4000 դոլար,
• 2014 — 4 մլն դրամ և 7000 դոլար։
2015 թվականից պատկերը փոխվում է։ Նա 25 հազար դոլարով վաճառել է բնակարան, իսկ 3 մլն դրամով՝ գեղարվեստական նկար։ Արդյունքում դրամական միջոցները հասել են 9 մլն դրամի և 24 հազար դոլարի։
2016-ին կրկին վաճառել է նկար՝ 5 մլն դրամով, իսկ միջոցները դարձել են 11 մլն դրամ և 25 հազար դոլար։
2018-ին, պաշտոնից հեռանալուց հետո, արդեն հայտարարագրել էր 8 մլն դրամ և 15 հազար դոլար։
Իսկ արդեն 2021 թվականին պատգամավորական պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել էր 21 միլիոն դրամ և 8000 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև բանկային հաշիվներում առկա 2000 դոլար, 630 հազար 920 դրամ և 185 հազար 739 դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է պատգամավորի 2021 թվականի տարեկան հայտարարագիրը, որի համաձայն նրա գույքային վիճակում էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Նա չի հայտարարագրել որևէ անշարժ գույք, տրանսպորտային միջոց, բաժնային կամ պարտքային արժեթղթեր, ներդրումներ, ավանդներ կամ փոխառություններ։ Տարվա ընթացքում բանկային հաշիվներում առկա 2000 ԱՄՆ դոլարը դարձել է 7002 դոլար, 185 հազար 739 դրամը դարձել է 318 հազար դրամ, իսկ 630 հազար 920 դրամն աճել է մինչև 3 միլիոն 369 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցներից 8000 ԱՄՆ դոլարը տարվա վերջում մնացել է անփոփոխ, իսկ 21 միլիոն դրամը նվազել է մինչև 15 միլիոն դրամ։ 2021 թվականի ընթացքում Աղվան Վարդանյանը, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, որպես աշխատավարձ ստացել է 3 միլիոն 283 հազար 840 դրամ եկամուտ։
2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ Աղվան Վարդանյանը դարձյալ անշարժ գույք չի հայտարարագրել․ տարվա սկզբին, տարվա ընթացքում ձեռք բերված, օտարված կամ տարվա վերջում առկա բնակարան, տուն, հողամաս կամ այլ անշարժ գույք չի նշվել։ Փոխարենը 2022 թվականի հունվարի 31-ին նա «Toyota Yerevan» ընկերությունից 14 միլիոն դրամով ձեռք է բերել 2021 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը պահպանվել է տարվա վերջում, իսկ այլ տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։ Թանկարժեք գույքի բաժնում նա նշել է 2002 թվականին նվիրատվությամբ ձեռք բերված գեղանկարներ, որոնց արժեքը նշված է 0 դրամ, և տարվա ընթացքում նոր թանկարժեք գույք չի ձեռք բերել կամ օտարել։ Հայտարարագրում բանկային ավանդներ, փոխառություններ, արժեթղթեր, բաժնեմասեր, ներդրումներ, կրիպտոարժույթ, էլեկտրոնային հաշիվներ, ինչպես նաև վարկերի կամ փոխառությունների մնացորդներ ներկայացված չեն։ Բանկային հաշիվներում դոլարային միջոցները 7002 դոլարից դարձել են 5454 դոլար, դրամային հաշիվներից մեկը 318 հազար դրամից աճել է մինչև 896 հազար 631 դրամ, իսկ մյուսը՝ 3 միլիոն 369 հազարից նվազել է մինչև 966 հազար 311 դրամ։ Կանխիկ միջոցներն այդ տարի զգալի աճել են․ դոլարը 8000-ից դարձել է 10 հազար, իսկ դրամային կանխիկը 15 միլիոնից հասել է 65 միլիոն դրամի՝ աճելով 50 միլիոն դրամով։ 2022-ին նա ստացել է ընդհանուր 6 միլիոն 621 հազար 250 դրամ եկամուտ, որից 600 հազար դրամը՝ կենսաթոշակ ID Bank-ի միջոցով, իսկ 6 միլիոն 21 հազար 250 դրամը՝ ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձ։ Ծախսերի բաժնում ներկայացվել են հանգստի, ճանապարհածախսի և կեցության 3 միլիոն դրամի ծախսեր, վարկի մարման վճարումներ՝ 6 միլիոն 970 հազար դրամի չափով, և 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր՝ 8 միլիոն դրամի չափով։
2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Աղվան Վարդանյանը դարձյալ անշարժ գույք չի ունեցել տարվա սկզբին, ընթացքում չի ձեռք բերել կամ օտարել և տարեվերջին չի ունեցել։ Նա շարունակել է տնօրինել 2022 թվականի հունվարի 31-ին գնված 2021 թվականի արտադրության TOYOTA մարդատար ավտոմեքենան․ նոր տրանսպորտային միջոց չի ձեռք բերել կամ օտարել։ Պահպանվել են 2002-ին նվիրատվությամբ ստացված 0 դրամ արժեքով գեղանկարները, իսկ նոր թանկարժեք գույք չի եղել։ Հայտարարագրում բաժնային կամ պարտքային արժեթղթեր, ներդրումներ, բանկային ավանդներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ չեն նշվել։ Բանկային հաշիվներում դոլարային մնացորդը 5454 դոլարից տարեվերջում դարձել է 3950 դոլար, դրամային հաշիվներից մեկում 896 հազար 631 դրամը կազմել է 1 միլիոն 332 հազար դրամ, իսկ երկրորդում՝ 966 հազար 311 դրամը հասել է 1 միլիոն 764 հազար 596 դրամի։ Կանխիկ միջոցներից 10 հազար ԱՄՆ դոլարը մնացել է անփոփոխ, իսկ 65 միլիոն դրամ կանխիկ գումարը տարվա վերջում դարձել է 49 միլիոն դրամ՝ նվազելով 16 միլիոնով։ 2023-ին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 10 միլիոն 822 հազար 730 դրամ, որից 620 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 միլիոն 202 հազար 730 դրամը՝ ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձ։ Տարեվերջին պատգամավորը վարկային պարտավորություններ չի ունեցել, իսկ հանգստի, ճանապարհածախսի և կեցության համար կատարել է 4 միլիոն 500 հազար դրամի ծախս։
2024 թվականի տարեկան հայտարարագրում «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ անշարժ գույքի կազմը չի փոխվել, և որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Նա շարունակել է տնօրինել 2022 թվականի հունվարի 31-ին ձեռք բերված 2021 թվականի Toyota-ն և 2002-ին նվիրատվությամբ ստացված 0 դրամ հայտարարագրված արժեքով գեղանկարը։ 2024 թվականի ավարտին բանկային հաշիվներում առկա է եղել 5572.84 ԱՄՆ դոլար (տարվա սկզբի 3950 դոլարի փոխարեն), 1 միլիոն 251 հազար 736 դրամ (տարվա սկզբի 1 միլիոն 332 հազար դրամի փոխարեն) և 2 միլիոն 315 հազար 552 դրամ (տարվա սկզբի 1 միլիոն 764 հազար 596 դրամի փոխարեն)։ Կանխիկ միջոցները կազմել են 11 հազար ԱՄՆ դոլար (նախորդ տարվա 10 հազարի փոխարեն) և 38 միլիոն դրամ (տարվա սկզբի 49 միլիոնի փոխարեն)։ 2024-ին նա ստացել է ընդհանուր 11 միլիոն 251 հազար 176 դրամ եկամուտ, որից 10 միլիոն 612 հազար 776 դրամը՝ ԱԺ աշխատակազմից որպես աշխատավարձ, իսկ 638 հազար 400 դրամը՝ կենսաթոշակ։ Հանգստի և կեցության համար կատարել է 5 միլիոն դրամի ծախս։
Ինչ վերաբերում է 2025 թվականի տարեկան հայտարարագրին, Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 2-ից, ներկայացրել է գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի նոր տվյալները, որոնք ուսումնասիրել է ArmLur.am-ը։ 2025 թվականի սկզբի և վերջի դրությամբ պատգամավորը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, տարվա ընթացքում անշարժ գույք չի ձեռք բերել կամ օտարել, ինչպես նաև չի հայտարարագրել փաստացի տիրապետվող կամ երրորդ անձի անունով գտնվող անշարժ գույք։ Տրանսպորտային միջոցներից նա շարունակում է ունենալ 2022 թվականի հունվարի 31-ին գնված 2021 թվականի արտադրության TOYOTA մարդատար ավտոմեքենան, իսկ 2025-ին նոր տրանսպորտային միջոց չի ձեռք բերել կամ օտարել։ Արժեթղթեր, բաժնեմասեր, ներդրումներ, պարտքային արժեթղթեր, հանձնված կամ վերադարձված փոխառություններ և բանկային ավանդներ նշված չեն։ Թանկարժեք գույքի բաժնում շարունակում են արտացոլված մնալ 2002 թվականին նվիրատվությամբ ձեռք բերված 0 դրամ արժեքով գեղանկարները, իսկ նոր թանկարժեք գույք չի եղել։ Դրամական միջոցների բաժնում արձանագրվել են էական փոփոխություններ․ տարվա սկզբին բանկային հաշիվներից մեկում եղած 5572.84 ԱՄՆ դոլարը տարվա վերջում դարձել է 3400 դոլար, իսկ մյուս երկու բանկային հաշիվներում տարվա սկզբի 1 միլիոն 251 հազար 736 դրամը և 2 միլիոն 315 հազար 552 դրամը տարվա վերջում դարձել են համապատասխանաբար 1 միլիոն 890 հազար դրամ և 4 միլիոն 389 հազար դրամ։ Էական փոփոխություն է գրանցվել կանխիկ դրամի մասով․ տարվա սկզբին պատգամավորի հայտարարագրած 11 հազար ԱՄՆ դոլարը և 38 միլիոն դրամ կանխիկ միջոցները տարվա վերջում դարձել են համապատասխանաբար 7500 ԱՄՆ դոլար և ընդամենը 2 միլիոն դրամ։ Այսպիսով, միայն դրամային կանխիկ միջոցները տարվա ընթացքում նվազել են 36 միլիոն դրամով։ 2025 թվականի եկամուտների բաժնում նա հայտարարագրել է 638 հազար 400 դրամ կենսաթոշակ, որը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աջափնյակի և Դավիթաշենի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից, և 13 միլիոն 262 հազար 348 դրամ աշխատավարձ՝ Ազգային ժողովի աշխատակազմից, ինչի արդյունքում ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 13 միլիոն 900 հազար 748 դրամ։ Հաշվետու տարվա ավարտի դրությամբ պատգամավորը վարկային պարտավորություններ չի ունեցել, իսկ ծախսերի բաժնում նշված է, որ հանգստի նպատակով ճանապարհածախսի և կեցության համար կատարվել է 4 միլիոն դրամի ծախս։
Քաղաքական խոստումը և ֆինանսական պատկերը
Աղվան Վարդանյանի շուրջ ստեղծված աղմուկը սկսվեց ոչ թե ունեցվածքից, այլ քաղաքական խոստումից։ Սակայն հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս մեկ այլ հետաքրքիր հակասություն։
Քաղաքական գործիչը, որը հրապարակավ հայտարարեց, որ «հրաժարվում է խոսքից», միաժամանակ վերջին տարիներին անցել է հետևյալ ճանապարհը.
• չի հայտարարագրել որևէ բնակարան կամ տուն,
• պահպանել է միայն մեկ Toyota ավտոմեքենա,
• աշխատավարձը 3.3 մլն դրամից հասցրել է 13.9 մլն դրամի,
• բանկային միջոցները մեծացրել է մինչև մոտ 6.3 մլն դրամ,
• բայց ամենաուշագրավը՝ 2022-ի 65 միլիոն դրամ կանխիկ պիկից հասել է 2025-ի ընդամենը 2 միլիոն դրամի։
Այս պատմության մեջ ամենաբարձր քաղաքական գինը, թերևս, ոչ թե մանդատն էր, այլ հանրային վստահությունը։ Իսկ ֆինանսական հայտարարագրերը ցույց են տալիս, որ պատգամավորի դրամական միջոցների շարժը շարունակում է թողնել բազմաթիվ բաց հարցեր, որոնց պատասխանները հանրությունը դեռ չի ստացել։
Սոնա Գրիգորյան




























