«ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել է, որ համաձայնել է Իսրայելի հետ պատերազմի ավարտին ուղղված համաձայնագրին, որը ներառում է կազմակերպության զինաթափումը և իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերումը Գազայի հատվածից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ այսպես կոչված «Խաղաղության խորհուրդը» հասել է «պատմական համաձայնության»՝ Գազայում գործող զինված խմբավորումների զինաթափման և Իսրայելի ուժերի դուրսբերման շուրջ։
Թրամփը համաձայնագիրը անվանել է «հսկայական քայլ» և նշել, որ այն նախատեսում է իր 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի իրականացումը՝ «ուշադիր մշակված փուլերով»։ Սակայն նա չի նշել, թե երբ ամբողջությամբ կավարտվի գործընթացը։
Ըստ համաձայնագրի՝ ՀԱՄԱՍ-ը պետք է հրաժարվի զենքից և ոչնչացնի իր թունելային ենթակառուցվածքները։ Դրանից հետո Իսրայելը պետք է դուրս բերի իր զորքերը Գազայից, իսկ անվտանգության ապահովումը պետք է փոխանցվի նոր ստեղծվելիք «միջազգային կայունացման ուժերին», որոնք կաշխատեն պաղեստինյան ոստիկանության հետ։
Թրամփի ծրագրով նախատեսվում է նաև Գազայում նոր տեխնոկրատական կառավարություն ձևավորել, որը կզբաղվի տարածքի վերականգնմամբ։ Այդ գործընթացում ներգրավվելու է նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։
ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ համաձայնագրի իրականացման հստակ ժամկետներ դեռ չկան։ Ըստ նրանց՝ ՀԱՄԱՍ-ի ծանր սպառազինությունների հանձնումը և թունելների ապամոնտաժումը կարող են տևել 200-ից 350 օր։
Միևնույն ժամանակ, Իսրայելը շարունակում է կասկածներ ունենալ ՀԱՄԱՍ-ի՝ զինաթափման պատրաստակամության վերաբերյալ։ ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են, որ Իսրայելը մասնակցել է բանակցությունների բոլոր փուլերին, սակայն համաձայնագրով պարտավորվում է դուրս բերել զորքերը Գազայից և դադարեցնել օդային հարվածները։
Գազայի պատերազմը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով։ Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 73 հազար պաղեստինցի։
Թրամփը հայտարարել է, որ համաձայնագրի գլխավոր նպատակը Գազայում նոր կառավարման համակարգի ձևավորումն է, որը կապահովի տարածաշրջանի անվտանգությունը և կկանխի հետագա հարձակումները Իսրայելի դեմ։