Armenian text to speach

Multi Wellness-ի հաճախորդները դժգոհում են. քաղաքապետարանը սրբիչներ չի տրամադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը, ստանձնելով գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանած Multi Wellness մարզաառողջարարական համալիրի կառավարումը, կարծես որոշել է ոչ միայն փոխել կառավարման ձևը, այլ նաև ջնջել համալիրի նախկին ինքնության յուրաքանչյուր հետք։

ArmLur.am-ին հաճախորդները հայտնում են, որ վերջին օրերին նրանց այլևս չեն տրամադրվում համալիրի բրենդավորված սրբիչները։ Աշխատակիցները բացատրում են, որ դրանց վրա պատկերված են Multi Wellness անվանումն ու «Մուլտի Գրուպի» խորհրդանիշ առյուծը, ուստի որոշում է կայացվել դրանք այլևս չօգտագործել։ Հաճախորդներին տեղեկացվել է, որ առնվազն մոտ երկու շաբաթ նոր սրբիչներ չեն տրամադրվի, մինչև ձեռք կբերվեն Երևանի քաղաքապետարանի խորհրդանիշներով նոր տարբերակներ։

Սա ընդամենը մեկ դրվագն է։
Համալիրի տարբեր հատվածներից արդեն հեռացվում են նախկին տարբերանշաններն ու անվանումները, դրանց փոխարեն տեղադրվում է Երևանի քաղաքապետարանի խորհրդանիշը։

Բայց այստեղ առաջանում է սկզբունքային հարց. ո՞րն է այս ամենի նպատակը։

Եթե քաղաքապետարանը պնդում է, որ հաստատության խնդիրը եղել է իրավական խախտումների վերացումը, ապա ինչո՞ւ առաջին հերթին զբաղվում է ոչ թե այդ խախտումների հետևանքների վերացմամբ, այլ բրենդի և խորհրդանիշների փոխարինմամբ կամ որ նույննն է օբյեկտը խլելով։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ համալիրը կառուցվել է համայնքային անօտարելի հողի վրա՝ օրենքի պահանջների խախտմամբ, և այդ հիմքով քաղաքապետարանը միակողմանի լուծարել է պայմանագիրը՝ համալիրն անցնելով համայնքի տնօրինմանը։ Նրա խոսքով՝ խախտումները հայտնաբերվել էին դեռ մոտ մեկ տարի առաջ, սակայն կողմերը լուծում չէին գտել, ինչից հետո ընդունվել է վերջնական որոշումը։

Սակայն հենց այստեղ էլ առաջանում են ամենաբարդ հարցերը։

Եթե քաղաքապետարանը մեկ տարի առաջ արդեն գիտեր խախտումների մասին, ապա.

  • ինչո՞ւ այդ ամբողջ ընթացքում չպահանջեց անհապաղ վերացնել դրանք,
  •  ինչո՞ւ չկանխեց հնարավոր ապօրինությունը հենց դրա հայտնաբերման պահին,
  • և վերջապես՝ ինչո՞ւ այսօր հանրությանը չեն ներկայացվում այդ խախտումների ամբողջական իրավական նկարագրությունն ու փաստաթղթերը։

Ավելին՝ եթե իսկապես խոսքը համայնքային հողի վերադարձի մասին է, ապա համայնքային շահը ենթադրում է գույքի օրինական կարգավիճակի հստակեցում, իրավական հետևանքների վերացում և թափանցիկ կառավարում, այլ ոչ թե նախկին սեփականատիրոջ անվան և տարբերանշանների շտապ ջնջում։

Ստացվում է տպավորություն, որ առաջնահերթությունը ոչ թե իրավական խնդրի լուծումն է, այլ հանրային տարածքը նախկին սեփականատիրոջից խլելը:

Երբ իրավական գործընթացի ամենատեսանելի արդյունքը դառնում է լոգոների փոխարինումը, բնականաբար առաջանում է հարց՝ արդյո՞ք սա իրավական արդարության վերականգնում է, թե պարզապես քաղաքական ռեբրենդինգ։




Լրահոս