Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Ռոման Համբարձումյանը, Ազգային ժողովի իր առաջին հրապարակման մեջ գրել է. «Իմ առաջին անդրանիկ նիստը ՀՀ ԱԺ-ում…»:
Սակայն տարբեր պաշտոններ զբաղեցրած Դավիթաշենի նախկին թաղապետը թերևս չգիտի, որ «առաջին անդրանիկ նիստ» ձևակերպումը լեզվական կոպիտ սխալ է։ «Անդրանիկ» բառը ինքնին նշանակում է առաջին, սկզբնական։ Այսինքն՝ «առաջին անդրանիկ նիստ» գրելը նույնն է, ինչ գրել՝ «առաջին առաջին նիստ»։
Անդրանիկ նիստը նորընտիր խորհրդարանի կամ որևէ նոր կազմավորված մարմնի առաջին նիստն է, որով մեկնարկում է նրա աշխատանքը։ Հետևաբար ճիշտ ձևակերպումը կամ «առաջին նիստ»-ն է, կամ «անդրանիկ նիստ»-ը, բայց ոչ երկուսը միասին։
Թվում է՝ մանրուք է։ Սակայն օրենսդիր մարմնի պատգամավորից ակնկալվում է, որ նա անգամ մեկ նախադասություն հրապարակելիս հետևի լեզվական տարրական կանոններին։ Ի վերջո, պատգամավորի հիմնական առաքելությունը ոչ միայն քվեարկության կոճակ սեղմելն է, այլև խոսքը՝ գրավոր ու բանավոր:
Անգրագիտության ցուցադրումը որակազրկում է ողջ պառլամենտը:





























