ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը (ICE) հուլիսին ձերբակալել է ավելի քան 46 հազար անօրինական ներգաղթյալի, ինչը Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում գրանցված ամսական ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով գերատեսչության ներքին փաստաթղթերին։ Համեմատության համար՝ հունիսին ձերբակալվել էր 43 հազար անօրինական ներգաղթյալ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում ICE-ի կալանքի տակ պահվում է շուրջ 68 հազար մարդ, մինչդեռ հունվարին այդ թիվը կազմել է 70 հազար։ Ներգաղթի ծառայությունը զգալիորեն ընդլայնել է իր գործողությունների աշխարհագրությունը․ ձերբակալություններ են իրականացվում օդանավակայաններում, ներգաղթի ծառայության ստուգման գրասենյակներում և երկրի տարբեր բնակավայրերում։ CBS News-ի տեղեկություններով՝ ամռանը սկսված ակտիվության աճը շարունակվել է նաև հուլիսին, քանի որ Սպիտակ տունը պահանջել է օրական գրանցել շուրջ 2 հազար ձերբակալություն։
Վերջին շաբաթներին մեծ արձագանք են ստացել նաև ICE-ի քաղաքացիական հագուստով աշխատակիցների կողմից օդանավակայաններում՝ նստեցման ելքերի և գրանցման սեղանների մոտ իրականացված ձերբակալությունները, որոնք հնարավոր են դարձել Տրանսպորտային անվտանգության վարչության հետ համագործակցության ընդլայնման շնորհիվ։ Թրամփի վարչակազմը նաև ընդլայնել է այն անձանց շրջանակը, որոնք ենթակա են ձերբակալման և արտաքսման։ Մասնավորապես, ավելի քան 300 հազար հաիթցի ներգաղթյալ զրկվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից։
«Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի սկզբից ի վեր երկիրը լքել է ավելի քան 3 միլիոն անօրինական ներգաղթյալ, այդ թվում՝ մոտ 2,2 միլիոնը՝ կամավոր արտաքսման շրջանակում։ Հուլիսի 12-ի դրությամբ արտաքսվել է ավելի քան 985 հազար, իսկ ձերբակալվել՝ ավելի քան 1 միլիոն անօրինական ներգաղթյալ», — CBS News-ին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։




























