Armenian text to speach

Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ խորհրդարանից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական վերջին զարգացումների ֆոնին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արտյոմ Մեհրաբյանի համար պատգամավոր լինելը շատ կարճ տևեց։ Նա չկա նոր խորհրդարանում, սակայն նրա պաշտոնավարման ընթացքն ու ներկայացրած հայտարարագրերը բավականին ուշագրավ պատկեր են ստեղծում։

«Ժողովուրդ» օրաթերթը ցանկացել է պարզել, թե ով էր, ի վերջո, ՔՊ-ական այս պատգամավորը, և ինչ ունեցվածքով նա հեռացավ քաղաքական ասպարեզից՝ ուսումնասիրելով նրա անցած ուղին ու ֆինանսական միջոցների շարժը պաշտոնը ստանձնելիս և հեռանալիս։

Արտյոմ Մեհրաբյանը, մինչև խորհրդարան հասնելը զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ։ 2019 թվականին նա Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարն էր, ապա՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենը, իսկ 2022-2024 թվականներին ղեկավարում էր ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեն։

ԱԺ է եկել 2025 թվականի ապրիլին։

Դեռևս 2024 թվականին ArmLur.am-ը և «Ժողովուրդ» օրաթերթը գրել էին, որ, երբ վարչապետի որոշմամբ Մեհրաբյանն ազատվեց Կոմիտեի նախագահի պաշտոնից, նրա ունեցվածքի պատկերը բավականին տպավորիչ էր։ Այդ տարվա հայտարարագրով նա ուներ մեկ բնակարան Երևանում, որևէ տրանսպորտային միջոց չէր հայտարարագրել, սակայն նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում էին 130 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10 միլիոն դրամ։

Այն ժամանակ նրա հաշվետու տարվա եկամուտները գերազանցել էին 16.3 միլիոն դրամը, իսկ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը՝ 45.4 միլիոն դրամ էր, որի մարման նպատակով Ֆինանսների նախարարությունից ստացել էր ավելի քան 2.2 միլիոն դրամ եկամտահարկի վերադարձ։

Պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը

Արդեն 2025 թվականի ապրիլի 9-ին Մեհրաբյանը խորհրդարան մտավ՝ ստանձնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները։ Մինչև մանդատ ստանձնելը նրա եկամուտը կազմել էր շուրջ 6.3 միլիոն դրամ, որը գոյացել էր վարկից և երկու՝ «ԴԻԱՅԷՍ» ու «ՄԱՐՔՍ-ՄԱՆ» ընկերություններում աշխատանքի վարձատրությունից։

2025 թվականի տարեկան պատկերը

Պատգամավորական մանդատի այս կարճատև ժամանակահատվածն ամփոփող՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը լրացնում է նրա ունեցվածքի ընդհանուր խճանկարը։ Տարեվերջին «Ռատկո» ՍՊԸ-ին տրամադրված փոխառությունը  ( հիփոթեքը) նվազել է՝ հասնելով 46.5 միլիոն դրամի։ Չնայած բանկային հաշիվների մնացորդը կազմել է ընդամենը 221 հազար դրամ, նրա կանխիկ միջոցները կրկին աճել են՝ հասնելով 10 միլիոն 85 հազար դրամի։

Տարվա ընթացքում Մեհրաբյանի ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան 15.3 միլիոն դրամ, որի հիմնական աղբյուրն Ազգային ժողովի վճարած 10.2 միլիոն դրամ աշխատավարձն է եղել, և ՊԵԿ-ից եկամտային հարկի վերադարձը՝ շուրջ 2.6 միլիոն դրամի չափով։ Միաժամանակ, նրա վարկային պարտավորությունները դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 49.7 միլիոն դրամ, որից հիփոթեքը կազմում է 42.7 միլիոն դրամ, իսկ մնացածը՝ այլ վարկ է։ Նա նաև 3 միլիոն դրամ է ծախսել անշարժ գույքի վերանորոգման վրա և ևս 7.7 միլիոն ուղղել վարկերի մարմանը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս