«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ՔՊ շարքային պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ըստ թիմում շրջանառվող լուրերի, չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ: Նա փորձել է գոնե ԱԺ ՔՊ խմբակցութան ղեկավար դառնալ, բայց չի ստացվել, եւ հիմա փորձում է այդ դիրքը նվաճել «դե ֆակտո»՝ դիրքավորվելով խմբակցության ղեկավարի պաշտոնում։
Մեր աղբյուրները բավականին հակասական տեղեկություններ հաղորդեցին: Մի աղբյուրի վկայությամբ` Նիկոլ Փաշինյանն, անգամ, նրան մեսիջ է փոխանցել, որ լավ կլինի՝ մանդատն էլ չվերցնի, սակայն Հարությունյանը որոշել է շրջանցել զգուշացումը։ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ խորհրդարանում ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ելույթ ունեցավ, այլ Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը Ռուբինյանի մասով: Այս դրվագը բուռն քննարկումների, անգամ վրդովմունքի առիթ է դարձել ՔՊ ֆրակցիայում: Հարությունյանը որոշներին իբր պարզաբանել է, թե ցանկացել է որպես պատգամավոր ելույթ ունենալ, բայց գրանցվել չի հասցրել, այդ պատճառով էլ խնդրել է, որ ամփոփիչ ելույթն ինքն ունենա` խմբակցության անունից, եւ Մանավազյանն էլ դեմ չի եղել։
ՔՊ-ից մեզ ասացին, որ կառավարությունից անգամ հարկ չեն համարել, որ Ա. Հարությունյանը ներկա գտնվի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի ընդունման-հանձնման հանդիսավոր արարողությանը, սակայն նա սեփական նախաձեռնությամբ շտապել է կառավարություն, որ Մակունցին փոխանցի էստաֆետը, այնտեղ ելույթ ունենա եւ լսի վարչապետի շնորհակալությունը` ուղղված իրեն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




























