Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը Ուկրաինային կհատկացնի 1,4 միլիարդ եվրո՝ սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը գիշերային հարվածներ է հասցրել Ուկրաինային, ինչի հետևանքով Կիևում և հարակից շրջաններում առնվազն 17 մարդ է զոհվել։
Ֆոն դեր Լայենը քննադատել է Ռուսաստանի գործողությունները՝ դրանք անվանելով «սարսափելի վայրագություններ» և նշել, որ Մոսկվան պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում պատճառած ավերածությունների համար։
«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող օդային հարձակումների հետևանքով կրկին արթնացանք սարսափելի վայրագությունների մասին լուրերով։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար»,– գրել է նա։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ հատկացվող միջոցները կօգնեն Ուկրաինային շարունակել դիմակայությունը Ռուսաստանի դեմ։
ԵՄ-ն 2022 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ սկսելուց հետո, իր տարածքում սառեցրել էր Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները։ Թեև հիմնական միջոցները չեն օգտագործվում, դրանցից ստացված եկամուտները ուղղվում են Ուկրաինային աջակցելուն։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ այդ ակտիվները մինչ այժմ ապահովել են շուրջ 8 միլիարդ եվրոյի լրացուցիչ եկամուտ։
Միևնույն ժամանակ, հատկացվող 1,4 միլիարդ եվրոյի հիմնական մասը՝ մոտ 95 տոկոսը կամ 1,33 միլիարդ եվրոն, ուղղակի ռազմական օգնություն չի լինելու։ Այդ գումարը կուղղվի Ուկրաինային տրամադրված G7-ի և ԵՄ վարկերի սպասարկմանը՝ «Ուկրաինայի վարկային համագործակցության մեխանիզմի» միջոցով։
Մնացած 70 միլիոն եվրոն կտրամադրվի Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, որը ֆինանսավորում է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։
Անի Վարդանյան




























