1945 թվականի օգոստոսի 6-ին մարդկության պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը տեղի ունեցավ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-29 «Enola Gay» ռմբակոծիչը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա նետեց աշխարհում առաջին մարտական կիրառված ատոմային ռումբը՝ «Little Boy»-ը։
Պայթյունը տեղի ունեցավ տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:15-ին՝ գրեթե ակնթարթորեն ավերելով քաղաքի մեծ մասը։ Հազարավոր շենքեր վերածվեցին փլատակների, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին առաջին իսկ վայրկյաններին։ Տարվա ավարտին զոհերի թիվը, այրվածքների, վնասվածքների և ճառագայթման հետևանքների պատճառով, գնահատվում էր շուրջ 140 հազար։
Ռմբակոծությունից ընդամենը երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, երկրորդ ատոմային ռումբը նետվեց Նագասակիի վրա։ Այս երկու հարվածներից հետո Ճապոնիան հայտարարեց կապիտուլյացիայի մասին, և 1945 թվականի սեպտեմբերի 2-ին պաշտոնապես ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը դարձավ ոչ միայն պատերազմի ավարտին նպաստած իրադարձություն, այլև նոր՝ միջուկային դարաշրջանի սկիզբ։ Այն մինչ օրս հիշեցում է միջուկային զենքի կործանարար ուժի մասին և համարվում է համաշխարհային խաղաղության ու միջուկային զինաթափման կարևոր խորհրդանիշներից մեկը։
Ամեն տարի օգոստոսի 6-ին Հիրոսիմայում անցկացվում են հիշատակի արարողություններ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին և կոչ անելով աշխարհին կանխել նման ողբերգությունների կրկնությունը։






















