Օգոստոսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը վերաբերում է Եկեղեցու ներսում կայացված կարգապահական և կանոնական որոշումների իրավական գնահատմանը, ինչն արդեն իսկ լայն արձագանք է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում։
Կրոնական ազատության հարցերով զբաղվող Forum 18 News Service միջազգային կազմակերպությունը հրապարակած վերլուծության մեջ մտահոգություն է հայտնել, որ պետական մարմինների ներգրավվածությունը Եկեղեցու ներքին որոշումների քննությանը կարող է հակասել կրոնական ազատության միջազգային չափանիշներին։ Կազմակերպության գնահատմամբ՝ այս քրեական հետապնդումը վերաբերում է այնպիսի հարցերի, որոնք գտնվում են Հայ առաքելական եկեղեցու ներքին ինքնակառավարման տիրույթում, իսկ պետության միջամտությունը կարող է խախտել Սահմանադրությամբ երաշխավորված Եկեղեցու ինքնավարության սկզբունքը։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռը դեռևս գործի սկզբից պնդում է, որ եկեղեցական կարգապահական և կանոնական հարցերը բացառապես եկեղեցական իրավասության շրջանակում են և չեն կարող դառնալ պետական միջամտության առարկա։ Իրավապահ մարմիններն, իրենց հերթին, հայտարարում են, որ գործում են օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։
Միաժամանակ, օգոստոսի 7-ին նախատեսվում է նաև քաղաքացիների հավաք։ Նախ նրանք կհավաքվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում, ապա կուղևորվեն դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Ակնկալվում է, որ դատական նիստը կանցնի հանրային և միջազգային մեծ ուշադրության պայմաններում՝ դառնալով պետություն–Եկեղեցի հարաբերությունների շուրջ շարունակվող քննարկումների կարևոր հանգրվան։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























